Գևորգ Մանթաշյանը և Միրա Յոսիֆովան քննարկել են հայ-բուլղարական տեխնոլոգիական համագործակցության խորացման հեռանկարները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման փոխնախարար Միրա Յոսիֆովային։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բուլղարական տեխնոլոգիական համագործակցության խորացման հեռանկարները, առաջիկա համատեղ նախաձեռնություններն ու դրանց իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների և ստարտափ էկոհամակարգերի միջև կապերի ամրապնդմանը։

Մասնավորապես՝ քննարկվել է բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ավելի լայն ներգրավվածության հնարավորությունը Հայաստանում անցկացվող խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովին և «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նաև Սիսայդ Ստարտափ Սամմիթի ձևաչափն ու փորձը՝ առաջարկելով դիտարկել այս հարթակի հայեցակարգի համատեղ զարգացման և կիրառման հնարավորությունները։ Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել համագործակցությունը ստարտափների աջակցության և նորարարական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բուլղարիայի ազատ տնտեսական գոտիների և «Սոֆիա Տեխ Պարկի» փորձին ու ենթակառուցվածքներին՝ դիտարկելով դրանց հնարավորությունները որպես հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու հարթակ։

Կարևորվել է Հայաստան-Բուլղարիա տնտեսական, սոցիալական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստը 2026 թվականի մայիսին Երևանում անցկացնելու վերաբերյալ։ Նիստի շրջանակում նախատեսվում է նաև բուլղարական գործարար պատվիրակության այց, «Սիլիկոնային սարեր 2027» տեխնոլոգիական գագաթնաժողովին զուգահեռ համատեղ բիզնես ֆորումի կազմակերպում և համագործակցության կոնկրետ գործողությունների ծրագրի մշակում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների և նորարարական կենտրոնների միջև գործնական կապերը և նպաստելու փոխշահավետ նախագծերի իրականացմանը։

Leave a comment