Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում

Քաղաքականություն

23.11.2026 | 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Factor TV-ն ուսումնասիրում է գործող և առաջարկվող Սահմանադրությունների դրույթները։ Գործող Սահմանադրությամբ սահմանված է, որ «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։

Առաջարկվող նախագծում, սակայն, դուրս է եկել «պատերազմի ժամանակ» ձևակերպումը։ Նոր նախագծում Զինված ուժերին վերաբերող հոդվածը շարադրված է հետևյալ կերպ․ «Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։

Մեկ այլ փոփոխություն վերաբերում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանմանը և զինված ուժերի ղեկավարությանը։

Գործող Սահմանադրությամբ նշվում է․ «Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»։

Մինչդեռ, առաջարկվող նախագծում Անվտանգության խորհրդի մասին հիշատակումը բացակայում է, իսկ Զինված ուժերի ղեկավարության վերաբերյալ դրույթը շարադրված է այսպես․ «Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը»։

Արփի Հակոբյան

Leave a comment