Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Այն ունի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որն իր մեջ ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները միաժամանակ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և արհեստական այլ կառուցվածքներ։

Շինաշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։ Տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն իսկ ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ։ Օրինակ՝ թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում արդեն իսկ իրականացվել է հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսը։

Այս փուլում առավել ակտիվ տեմպով շարունակվում են արհեստական կառուցվածքների՝ կամուրջների, հենապատերի և թունելների ներքին երեսպատման ու հարդարման աշխատանքները։

Շինաշխատանքներում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինտեխնիկա։

Aysor.am

Leave a comment