Խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ կենտրոնական բանավեճը Հայաստանում պտտվում է հանրաքվեի, Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի շուրջ, ու որոշեց բացատրել, թե ի՞նչ Անկախության հռչակագիր, ինչո՞ւ է այն ընդունվել, ի՞նչ է այն նշանակել, ի՞նչ կապ ունի այսօրվա հետ։
Սկսեց հռչակագրի ընդունումից. «Անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսին, եւ կարող է մարդկանց մոտ կարծիք լինի, որ այդ հռչակագրով հռչակվել է Հայաստանի անկախությունը, բայց չէ՛, այդ հռչակագրով սկիզբ է դրվել Հայաստանի անկախացման գործընթացին, հենց այդպես էլ գրված է հռչակագրի մեջ։ Բացի այդ, Անկախության հռչակագրի մեջ գրված է, որ այդ պետականության՝ այսինքն՝ անկախ պետականության գնալու գործընթացի սկիզբը դրվում է՝ հիմնվելով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման որոշման վրա։ Այլ կերպ ասած՝ Անկախության հռչակագրով հռչակվել է, որ Հայաստանում եւ Ղարաբաղում միավորված սկսվում է անկախ պետականության հասնելու գործընթաց։ Սա մեկնաբանություն չի, այդպես գրված է այդտեղ։ Բայց հռչակագրում գրվածը արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունը դրանից ուղիղ մեկ տարի հետո, երբ որ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը՝ հայտարարեց իր անկախության մասին։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվեն սեպտեմբերի 21-ին, որով Հայաստանն անկախացավ։ Կրկնում եմ՝ Հայաստանը անկախացել է հանրաքվեով։ Եվ այդ հանրաքվեին չեն մասնակցել Ղարաբաղի բնակիչները։ Ղարաբաղի բնակիչները նաեւ չեն մասնակցել 1995 թվականի խորհրդարանական ընտրություններին, չեն մասնակցել 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին, որով ընդունվել է առաջին հանրաքվեն, որով, ի դեպ, հղում է արվել նախաբանում Անկախության հռչակագրին»։
Գալով 2026 թվական եւ վերահաստատելով ՔՊ-ական կառավարության դիրքորոշումը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա, Ռուբինյանը շարունակեց. «Այսինքն՝ Հայաստանը 29 743 քառակուսի կիլոմետր է, հետեւաբար, մենք ճանաչում ենք Հայաստանը այնպիսին, ինչպիսին եղել է ՀԽՍՀ նախկին սահմաններով, եւ Ադրբեջանը՝ այնպիսին, ինչպիսին այն եղել է նախկին ԱԽՍՀ սահմաններով։ Իրենք էլ ճանաչում են նույնը։ Հիմա մենք ուզում ենք ընդունել նոր Սահմանադրություն։ Դուք ասում եք՝ դավաճաններ, մենք դեմ ենք այդ սահմանադրությանը, որովհետեւ դուք չեք ուզում կրկին ներառել հղում Անկախության հռչակագրին։ Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ եթե մենք համարում ենք եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չենք ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչո՞ւ եք դուք պնդում, որպեսզի Անկախության հռչակագիրը, որով հռչակվել է, որ Հայաստանում եւ Ղարաբաղում, որպես մեկ ամբողջություն, սկիզբ է դրվում անկախ պետականության՝ պետք է ներառենք։ Միակ ազնիվ պատասխանը կարող է լինել հետեւյալը՝ դուք պետք է ասեք, որովհետեւ մենք կարծում ենք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եթե ձեր պատասխանը դա չի, ուրեմն, ժողովո՛ւրդ ջան, տրամաբանական չի հռչակագրի հղումը ներառել նոր Սահմանադրության տեքստում»։
Ընդդիմադիրների ելույթներից Ռուբեն Ռուբինյանը տպավորություն ունի, որ չեն լսել Նիկոլ Փաշինյանի առաջարկը . «Չխեղաթյուրեք եւ չասեք, որ ես վարչապետ Փաշինյանին դեւի հետ եմ համեմատում։ Մարդը ձեզ ասում է՝ համաձայնեք, մի խոչընդոտեք հանրաքվեին, «ոչ»-ն է հաղթում՝ ես գնում եմ, «այո»-ն է հաղթում՝ ես հաջորդ ընտրություններին չեմ մասնակցում։ Եկել, ասում եք՝ Փաշինյա՛ն, հեռացի՛ր։ Ես չգիտեմ պատճառ, թե դուք ինչի դրան չպիտի համաձայնեք, որովհետեւ եթե ձեր համար մեկ նպատակը Փաշինյանին հեռացնելն է, ուրեմն դուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն։ Երկու սցենար կա հանրաքվեի, երկու դեպքում էլ՝ «ոչ»-ի դեպքում միանգամից, «այո»-ի դեպքում հաջորդ ընտրություններից սկսած ինքը հեռանում է։ Ինչի՞ չեք անում։ Դրա միակ բացատրությունը կարող է լինել հետեւյալը, որ ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարեւոր է, քան Փաշինյանին հեռացնելը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: