Համայնքների ղեկավարները տուգանքի ՀԴՄ կտրոնները ձեռքին որոշել են ինձ դատի տալ․ Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մի քանի համայնքի ղեկավարներ իրեն դատի են տվել՝ նախորդ ելույթի ժամանակ հնչեցրած ահազանգերի հետ կապված, մասնավորապես, թե ինչպես են իշխանությունները վերաբերում հանրային միջոցներին։

«Նշել էի, որ համացանցը ողողված է տարբեր հետաքննական նյութերով, հոդվածներով, տեսանյութերով,թե ինչպիսի՜ անորակ շինարարություն է արվում։Հարց էի բարձրացել ու մտահոգություն, թե ինչու՞ իրավապահները չեն զբաղվում այդ խնդիրներով։ Ու նաև ասել էի, որ կարկառուն «ՔՊ»ական համայնքապետեր՝ իրենց ընտանիքներով, ներգրավված են պետական տենդերներ շահելու հարցում։ Ես որևէ մեկի անունը չէի տվել, որովհետև մեկ դեպք չէ, 5 դեպք չէ, 10 չէ, 20-ը չէ։ Սա համակարգային խնդիր է, և ակնկալում էի, որ կունենա իրավական հետևանք։

Ի՞նչ տեղի ունեցավ։

Նախարարն իր Facebook-յան էջում հորդորում է համայնքապետերին՝ ինձ դատի տալ։ Իրավական պետության մեջ առհասարակ որևէ քաղաքական հայտարարություն, եթե այն վերաբերում է ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներին ունենում է իրավական հետևանք։ Հայաստանում՝ ժողովրդավարության բաստեոնում, բոլորովին հակառակ պրոցեսներն են։ Ինձ նույնաբովանդակ հայտարարություններ, այսպես ասած, հնչեցնելուց հետո մի շարք համայնքապետեր դատի են տալիս»,- ասաց նա։

Նա նշեց, որ իրեն դատի է տվել Թալինի համայնքապետը։

« Նայում եմ՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետեր են Տավրոս Սափելյանի հայրը և հորեղբայրը, հաղթել է Թալինի համայնքապետարանի հեղուկ և սեղմած գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ։ Ասեմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել  է համայնքի ղեկավարին մեկ անգամ, հետո շարունակել է նորից մասնակցել տենդերներին և կրկին շահել։ Ըստ բաց աղբյուրների՝  այս հրապարակումների մասով նաև այլ փաստեր կան, որոնք ես կհապարակեմ դատարանում արդեն։ Փաստորեն, համայնքի ղեկավարը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ»։

Նախարարի հորդորին հետևած հաջորդ համայնքի  ղեկավարն  Արտաշատ համայնքի ղեկավարն է։

 «Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրերի հաղթող է եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կրկին տուգանել է համայնքի ղեկավարին։ Տուգանվել է, որից հետո վերջինս դիմել է դատարան, դատարանը որոշել է, որ, այո՛, համայնքի ղեկավարը եղել է շահերի բախման իրավիճակում։Այս դեպքում, ինչպես ասում են՝ ՀԴՄ  կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին համայնքի ղեկավարը ինձ դատի է տալիս։ Ըստ էության, ես պիտի գնամ և արդեն ապացուցվածը ապացուցեմ»,- հավելեց պատգամավորը։

Յոլյանը նշեց, որ Սիսիան  համայնքի ղեկավարը նույնպես սպառնացել է դատի տալ։

Leave a comment