Ընդդիմությունը դեմ է քվեարկելու Սահմանադրությանը, ո՞րն է լինելու ՔՊ-ի պլան Բ-ն․ Վոլոդյա Հակոբյանի մեկնաբանությունը

«Երեկ վարչապետը հստակ մատնանշեց այդ ճանապարհը․ առաջարկներ հնչեցրեց ընդդիմության համար։ Իրենք 2021-ից սկսած հայտարարում են, որ խորհրդարան են գալիս մեկ նպատակով՝ վարչապետին հեռացնելու, իշխանափոխության նպատակով։ Հիմա իրական շանս ունեն այդ ծրագիրն իրագործելու․ քվեարկել ու թույլ տալ, որ Սահմանադրությունը հանձնվի ժողովրդի դատին․ ի վերջո ժողովուրդը որոշի՝ կողմ է նոր սահմանադրությանը, թե՝ դեմ։ Այդ ժամանակ իրենք կկարողանան հասնել իրենց իշխանափոխությանը․ դրան կարող են հասնել թե′ «ոչ»-ի, թե′ «այո»-ի դեպքում»,- փաստմանը՝ ընդդիմությունից հայտարարում են, որ միանշանակ դեմ են քվեարկելու սահմանադրությանը և հարցին՝ ո՞րն է լինելու իրենց պլան Բ-ն, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

Ըստ նրա՝ ընդդիմության գործունեությունը խորհրդարանում ութ տարի արդյունք չի տվել, իսկ իրենք իրական առաջարկ են անում․ «Եթե ընդդիմադիր գործիչ լինեի, իմ պայքարի միակ նպատակը հայտարարած լինեի՝ գործող վարչապետի հեռացումը, միանշանակորեն կօգտվեի այս տարբերակից։ Առաջին անգամն է, որ իշխանությունն ընդդիմության կարիքն է զգում, կախվածություն ունի, և պետք է ընդդիմությունն օգտվի դրանից»։

Հստակեցմանը՝ սահմանադրությանը ընդդիմության՝ դեմ քվեարկելուց հետո պլան Բ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞րն են, Վոլոդյա Հակոբյանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք այդ քայլին․ մեր նպատակը ոչ թե իշխանությունը պահելն է, այլ խաղաղությունը»։

Հնարավոր է թույլ չտա՞ք, որ այս ընդդիմությունը մասնակցի ընտրություններին, ՔՊ խմբակցության պատգամավորը պատասխանեց․ «Հիմա քննարկում ենք ԸՕ-ի փոփոխության հարցը։ Դրանից հետո կարծում եմ այն ուժերը, անհատները, որոնց ընտրակեղծարարության մասին հաստատված վճիռներ կլինեն դատարաններում, այդ ուժերի մասնակցությունը որոշակի ժամանակ կարգելվի։ Դեռ վճիռներ չկան, չգիտեմ՝ արտահերթ ընտրություններ կունենանք, թե՝ ոչ, կամ երբ կունենանք։ Բայց նույնիսկ այս կազմով ընդդիմությունը, եթե մասնակցի ընտրական գործընթացների, նույն հաջողության չի կարողանալու հասնել»։

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment