Նյու Յորքում Sotheby’s աճուրդի ժամանակ հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի «Ծաղկող շագանակենիներ» կտավը վաճառվել է ռեկորդային՝ 190,4 միլիոն դոլարով։
Սա Sotheby’s-ի աճուրդներում երբևէ վաճառված արվեստի գործերից երկրորդ ամենաթանկն է. ռեկորդը պատկանում է Գուստավ Կլիմտի «Էլիզաբեթ Լեդերերի դիմանկար»-ին, որը մեկ տարի առաջ ձեռք է բերվել 236,4 միլիոն դոլարով։
Մինչ այս, Վան Գոգի ամենաթանկ նկարը «Ցորենի դաշտ՝ նոճիներով» կտավն է եղել, որը 2022 թվականին վաճառվել էր 117,2 միլիոն դոլարով։
Երբևէ վաճառված ամենաթանկ արվեստի գործերի շարքում (անկախ նրանից՝ աճուրդում, թե մասնավոր գործարքի միջոցով) «Ծաղկող շագանակենիներ»-ն այժմ զբաղեցնում է իններորդ տեղը։ Առաջին տեղում է Լեոնարդո դա Վինչիին վերագրվող «Աշխարհի փրկիչը», որը 2017 թվականին Christie’s աճուրդում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը վաճառել է 450 միլիոն դոլարով։
Վինսենթ վան Գոգը «Ծաղկող շագանակենիներ»-ը նկարել է 1890 թվականին Փարիզի մերձակա Օվեր-սյուր-Ուազ գյուղում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին երկու ամիսները։
Նկարը հայտնի Բլակիեր-Արիետա հավաքածուից ներկայացված 12 գործերից մեկն է. այս հավաքածուն ձևավորել էին արգենտինացի հանգուցյալ բարերարներ Կառլոս Բլակիերը և նրա կինը՝ Նելի Արիետան։