Իրանը դիտարկում է քիմիական և կենսաբանական զենք մշակելու հնարավորությունը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ըստ առկա նշանների՝ Իրանը դիտարկում է կենսաբանական կամ քիմիական զենք մշակելու հնարավորությունը, երբ Վաշինգտոնն, իր ասելով, փակել է Թեհրանի՝ միջուկային զենք ստեղծելու ճանապարհը։
«Կան նշաններ, որ նրանք ուսումնասիրում են գազերը, ուսումնասիրում են կենսաբանական զենքը, քանի որ մենք փակել ենք նրանց՝ միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհը»,- ասել է Թրամփը։ Չինաստանի Շենժեն քաղաքում լրագրողի հետ զրուցելիս ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է ոչնչացնել Իրանը նոր հարձակումների դեպքում։
Թրամփին խնդրել են մեկնաբանել այս շաբաթ CNN-ի հրապարակած նյութը՝ Վաշինգտոնում այսպես կոչված կեղտոտ ռումբ կամ քիմիական զենք կիրառելու ենթադրյալ իրանական դավադրության մասին։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ միջուկային սպառնալիքը չպետք է անհանգստության առիթ դառնա։
«Միջուկային զենքի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, և նրանք ուսումնասիրում են գազերը, կենսաբանական զենքը. գիտեք, կենսաբանական զենքը ոչ մի լավ բան չունի, ինչպես նաև այլ բաներ։ Կտեսնենք։ Շուտով նոր տարի է, և կտեսնենք, թե ինչ տեղի կունենա հունվարի 1-ից հետո։ Եթե դա տեղի ունենա, մենք նրանց կոչնչացնենք»,- ասել է Թրամփը։
Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններն Իրանի հետ։ Ըստ երկրի նախագահի՝ Թեհրանը ցանկանում է պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր կնքել, սակայն Վաշինգտոնը մտադիր է հասնել այնպիսի պայմանավորվածության, որը կգործի երկարաժամկետ հեռանկարում։
Թրամփը «ժամանակի անիմաստ վատնում» է անվանել հունիսին իր վարչակազմի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
Փաստաթուղթը հանգեցրել է հրադադարի, որը տևել է երեք շաբաթից էլ պակաս. շուտով Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Հարցին՝ արդյոք ձախողված համաձայնագի՞րն է պատճառ դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռացվի Իրանի հետ բանակցություններից, Թրամփը պատասխանել է, որ նա «շատ լավ է կատարում իր աշխատանքը», սակայն հավելել է, որ «հիմնականում մի բան է բաց թողել»։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ։