Փաշինյանը Եռաբլուրի մասին հարցից հունից դուրս եկավ. «Դուք պարզապես եղկելի եք, սատկացնելու եմ բոլոր նրանց, ովքեր Եռաբլուրը մանրադրամ են դարձնում»

«Ձեր ատելության, սպառնալիքների դոզան ու կիրքը մինչև ո՞ւր են հասնելու։ Ի՞նչ է ձեզ տալիս ամեն անգամ հայ մարդու աչքերին նայելիս հարցնելը, թե ինչու նա չի զոհվել։ Իսկ դուք՝ ձեր թիմի չծառայածներով՝ Կոնջորյանը, Խանդանյանը, Կոստանյանը, Արայիկ Հարությունյանը, ինչո՞ւ եք ողջ, ինչո՞ւ չեք զոհվել»։

Այսօր լրագրողներից մեկն այս հարցերն ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ճեպազրույցի ընթացքում։ Լրագրողն իր հետ բերել էր նաև Եռաբլուրի լուսանկարներ՝ ցույց տալով, թե ինչպես է Եռաբլուրը մեծացել Փաշինյանի պաշտոնավարման օրոք։

Հարցերը հունից հանեցին Փաշինյանին, և նա պատասխանեց վիրավորանքների տարափով։

«Դուք անձամբ և ձեր նման բազմաթիվ լրագրողներ ու քաղաքական գործիչներ արդեն երկար ու տևական ժամանակ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ՝ ձեր նեղ լրագրողական և նեղ շահերի համար։ Անձամբ դուք, «Հայաստան» խմբակցությունը, «Ուժեղ Հայաստանը» և էլի քաղաքական շրջանակներ Եռաբլուրը դարձրել եք քաղաքական ու հանրային մանրադրամ։

Դուք այդ ճանապարհին պարզապես եղկելի եք։ Դուք ի՞նչ գիտեք Եռաբլուրից։ Ձեզ համար Եռաբլուրը ընդամենը մանրադրամ է։

Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը։ Այն ստահակները, որոնք հինգ տարի է՝ ասում են 5000 զոհ, այո՛, սատկացնելու եմ բոլոր նրանց, ովքեր Եռաբլուրը մանրադրամ են սարքում։

Բոլոր ճողոպրածներին, ովքեր ինձ կմեղադրեն հող հանձնելու մեջ, ես իրենց կասեմ՝ ինչո՞ւ չեք զոհվել, ու ճիշտ կանեմ, որ ասում եմ։ Բոլոր փախածներին, որովհետև այդպես խոսողների 90 տոկոսը փախածներ են, մյուս 10 տոկոսը՝ տղերքի թիկունքում թաքնվածներ։ Մի շարք գեներալների մասին ասել եմ՝ վախկոտ դասալիքներ»,– ասաց Փաշինյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր թիմակիցների մի մասն էլ չի ծառայել և չի մասնակցել պատերազմին, Փաշինյանն այսպես արձագանքեց.

«Իմ թիմակիցները, որոնք չեն մասնակցել պատերազմին, եկել են ու ասում՝ խաղաղություն հաստատելու գործընթացի մեջ ենք։ Մի՛ տարեք նորից հետ գործընթացները՝ Հայաստանը դարձնելու չպետություն։

Այդ պատերազմը ՀՀ անկախության համար է եղել։ Իմ թիմակիցները չեն էլ փախել, իրենցից յուրաքանչյուրն իր տեղում է եղել։ Նրանք չեն գալիս այստեղ հոխորտում, թե՝ մենք գնում էինք զոհվելու, Նիկոլը մեզ չթողեց։

Իմ խոսույթը վերաբերում է այն մարդկանց, որոնք ասում են՝ մենք գնում էինք գրավելու, Նիկոլը չթողեց։ Դուք և Եռաբլուրը շահարկող բոլոր անձինք եղկելի եք»։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ են Եռաբլուրը ստեղծողներն ու մեծացնողները, Փաշինյանն այսպես արձագանքեց.

«Եռաբլուրն ինձնից առաջ է ստեղծվել, անընդհատ մեծացել է։ Իմ խնդիրն այն է, որ ինձնից հետո այլևս չմեծանա։ Դուք դրա հետ խնդիր ունեք, որովհետև երբ Եռաբլուրը չմեծանա, ձեր նմանները ձեր ամբողջ եղկելիությամբ հանդես գալու հնարավորությունից կզրկվեք, հաց վաստակելու հնարավորությունից կզրկվեք։ Որովհետև Եռաբլուրը ձեզ համար հաց վաստակելու համար մանրադրամ է»։

Լրագրողը հայտարարեց, որ Փաշինյանին դատի է տալու՝ հնչեցված վիրավորանքների համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment