Գործադիրը հաստատել է ՀՀ Կառավարության 2026-2031 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հաստատել է ՀՀ Կառավարության 2026-2031 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Ինչպես է նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Ըստ փոխվարչապետի՝ ծրագրով հաստատվելիք շատ միջոցառումներ Կառավարության 2021–2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են լինելու։ Այն սահմանում է 733 միջոցառում՝ բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով։
«Անվտանգային և արտաքին քաղաքականության միջոցառումների իրականացման արդյունքում Կառավարությունը, մասնավորապես, ծրագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, «Խաղաղության խաչմերուկ», այդ թվում՝ TRIPP նախագծերի իրականացում, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետն ընդգծել է՝ Կառավարության 2026–2031 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով կրթությունը հռչակվել է ռազմավարությունների ռազմավարություն։ «Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու՝ 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ՝ լողավազանների, կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և գույքով հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեսալսողական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը»,- նշել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ տնտեսական քաղաքականության առանցքում՝ արտադրողականության ու մրցունակության բարձրացումն է լինելու, ինչպես նաև առևտրի բազմազանեցումը։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների մասով աշխատանքներ են իրականացվելու 10 ջրամբարի կառուցումը մեկնարկելու ուղղությամբ՝ մինչև 2030 թ. շինարարությունն ավարտելու նպատակադրումով, կառուցվելու և վերակառուցվելու են 350 կմ ջրանցք և խողովակաշար, ոռոգում է ապահովվելու 10 000 հա նոր հողերի համար։ Ապահովվելու է 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, 2500 կմ ավտոճանապարհ և 40 կամուրջ են կառուցվելու և նորոգվելու։ Էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրում է լինելու, ինչպես նաև 1000 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային և 800 մեգավատտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում է կազմակերպվելու։
«Արդարադատության համակարգի ու հանրային կառավարման բարեփոխումների առանցքում մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունն է լինելու, այդ թվում՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։ Որպես գերակա բարեփոխումներ են սահմանվել, մասնավորապես՝ ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի լավարկումն ու շարունակականությունը, ինչպես նաև պետական և համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումը»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրերի մի մասը գործնական իրականացման փուլում է։ Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին՝ համարելով այն իրատեսական։ Նիկոլ Փաշինյանը այս առումով կարևորել է կենսաչափական անձնագրերի ներդրումը և սահմանային կառավարման ոլորտի բարեփոխումները։ «Այս թեմայի հետ ձեռք ձեռքի պետք է քայլի թվայնացման գործընթացը։ Առաջիկայում պետք է քննարկում ունենանք, հասկանանք, թե ուր ենք հասել թվայնացման մեր նախանշած ծրագրերն իրականացնելու առումով։ Հիմա, մանավանդ, կենսաչափական անձնագրերի ներդրման պայմաններում քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի որակի փոփոխությունը, սկսած՝ ճամփորդելու ընթացքում իրենց մատուցվող ծառայությունների որակի փոփոխություններից։
Մեր բոլոր սահմաններում պետք է տեղադրված լինեն սահմանային կառավարման ինքնաշխատ համակարգեր, և, իհարկե, ծառայությունների մատուցման կոմֆորտ լինի։ Նկատի ունեմ՝ բազմաթիվ պրոցեսներից, որոնց ընթացքում մարդը ստիպված է լինում գնալ Ա կետից Բ կետ, մենք պետք է նրան դուրս բերենք թվայնացման միջոցով»,– շեշտել է երկրի ղեկավարը։
Անդրադառնալով ապօրինի գույքի վերադարձի համակարգին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նոր-նոր լիարժեք ամբողջությամբ թափ է ստանում։ «Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, համակարգը կայացած է, չնայած չի նշանակում, որ անթերի է։ Այն, միևնույն է, պետք է շարունակի բարեփոխումների տրամաբանությամբ զարգանալ, և այս առումով երեկ էլ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի ունեցավ։ Երեկվա քննարկումները, իմիջիայլոց, անկախ իրենց տոնայնությունից, ձևից, շատ կարևոր եմ համարում, որովհետև ի հայտ եկավ, ի վերջո, հանրապետության թիվ մեկ բարերարի թեման։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ բարերարը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է և քաղաքական մեծամասնությունը։
2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքներով այսօրվա դրությամբ ճշգրտված տվյալների համաձայն՝ 9.1 մլրդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե։ Հայաստանի օլիգարխիայի բազմահազարամյա պատմության մեջ չկա համեմատելի ծավալ, որ որևէ մեկը ՀՀ-ի և նրա ժողովրդի նկատմամբ համեմատելի ծավալի բարերարություն արած լինի՝ 9.1 մլրդ»,- նշել է վարչապետը՝ կարևորով, որ մեր իրավապահ համակարգը սկսել է ժողովրդի տված մանդատի շրջանակում արդյունավետ գործել։
Վարչապետը կարևորել է նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի նոր Սահմանադրության ընդունում բաժինը։ «Առաջիկայում մտնելու ենք այս գործընթացի գործնական իրագործման փուլ։ Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը, որը մշակվել է քննարկումների արդյունքում»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ նախագիծը ներառում է այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ «Ժողովուրդը՝ ՀՀ իշխանության բարձրագույն տերը, տեղում է՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե՝ 24/7 ռեժիմով, տարին 12 ամիս ժողովուրդն իր ասելիքը կարող է ասել։ Ես այստեղ եմ հասել հեղափոխությամբ, և այդ պահից սկսած՝ ոչ մի վայրկյան կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, հիմա ասում եմ՝ մենք ինչ ճանապարհով ենք գնում։ Եթե ՀՀ ժողովուրդը գտնում է, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, մինչև հանրաքվեն, մինչև խորհրդարանական քննարկումները, մինչև Սահմանադրության նոր տեքստի հրապարակումը, ցանկացած պահի ժողովուրդը կարող է դուրս գալ և հասնել իմ հրաժարականին, եթե դա ուզում է»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մտնում ենք քաղաքական մի շրջափուլ, որը, ըստ իր կանխատեսումների, պետք է հաջողությամբ ավարտին հասցնի խաղաղության գործընթացը։ «Եթե ժողովուրդը համաձայն չէ սրա հետ, առաջիկայում՝ որևէ մի փուլում, ինքն այդ անհամաձայնությունը պետք է արտահայտի՝ կա՛մ մինչև հանրաքվեն քաղաքական պրոցեսներով (խոսքը ժողովրդի մասին է, ոչ թե քաղաքական ուժերի), կա՛մ հանրաքվեով։
Մենք Սահմանադրության նախագծի վերջին շտրիխների վրա ենք աշխատում։ Նախնական գաղափարների հավաքագրում եղել է, բայց Կառավարությունում էլ դեռ չի շրջանառվել՝ որպես ամբողջական տեքստ, այսինքն՝ խոսքը նախագծի նախագծի մասին է, որ մենք ունենանք հիմք, որի վրա պետք է աշխատենք»,- ասել է երկրի ղեկավարը։
«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբ
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին և օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի:
Ինչպես նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, օրինագծերով, ըստ էության, առաջարկվում է հունվարի 1-ից ավարտել 2012 թվականից մեկնարկած «սոցիալական փաթեթ» ծրագիրը։ Ըստ նախարարի՝ նախկինում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներին տրվող փոխհատուցման պատճառն այն էր, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր էին։ Այն պետք է ծառայեր որպես ֆինանսական խթան պետական համակարգում որակյալ կադրեր ներգրավելու համար։ Սակայն, ըստ Արսեն Թորոսյանի, հանրային կառավարման ոլորտում գործող իշխանությունների իրականացրած փոփոխությունների արդյունքում ծրագիրը կորցրել է իր սկզբնական իմաստը։ «Մեր քաղաքացիներից շատերն իրենց հատուկ բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի համար փոխանցված բավականին մեծ կուտակված գումար՝ մոտավորապես 13 մլրդ դրամի չափով, որը նրանք հնարավորություն ունեին ծախսելու կոնկրետ ուղղություններով։ Մենք նախագծով առաջարկում ենք, որ այդ կոնկրետ ուղղությունները դեռ ուժի մեջ մնան ևս 6 ամիս, և դրանից հետո արդեն որևէ ուղղություն չլինի, և նրանք կարողանան տնօրինել հասանելիք գումարներն իրենց ցանկությամբ, հայեցողությամբ»,- ասել է նախարարը։
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ սոցիալական փաթեթը շատ կարևոր էր պետական համակարգի առավել խոցելի հատվածի համար։ Նա ընդգծել է, որ օրինագիծը կապ ունի երեկ ԱԺ-ում քննարկվող այլ՝ մինչև 200 հազար դրամ ստացող անձանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագծի հետ. «Երկու որոշումները, երկու օրենքներն իրար հետ որոշակի բովանդակային կապ ունեն։ Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ ստացող անձանց ներառում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ։ Սոցիալական փաթեթի ծախսը նաև առողջության հետ կապված որոշակի երաշխիքի համակարգ ստեղծելու նպատակ ուներ։ Հունվարի 1-ից այդ խնդիրը լուծվում է։ Հիմա հանրային կառավարման բարեփոխումների մեջ ենք։ Նաև կատարողականի հիման վրա աշխատանքի գնահատման և վարձատրության համակարգը փուլ առ փուլ գործարկում ենք, և, օբյեկտիվորեն, սոցիալական փաթեթի անհրաժեշտություն չկա»։
Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը. վարչապետ
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ««Արևելյան գործընկերություն. կապակցվածության ոլորտում ներդրումներ» նախաձեռնության շրջանակներում տրամադրվող խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին» թիվ AA-013536 համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, խոսքը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Գյումրիից Ախուրիկ 25 կմ երկարությամբ և Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից դեպի Մարգարա՝ Մարգարայի անցակետ, 5 կմ երկարությամբ ճանապարհների տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, նախագծմանը, սոցիալական և բնապահպանական գնահատման նախագծի ընդունմանը։ «Այստեղ նախատեսում ենք շինարարական աշխատանքները շարունակել զուգահեռաբար կառուցելու և նախագծելու տրամաբանությամբ։ Այս նախագծով առաջարկվող աջակցությունը նախատեսում է այս ամբողջի մասով մրցութային փաստաթղթերի պատրաստում։ Ընդհանուր առմամբ խոսքը 30 կմ ճանապարհահատվածի մասին է»,-ասել է ՏԿԵ նախարարը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ճանապարհների երկու փոքր հատվածների մասին է խոսքը, որը, մեծ հաշվով, վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներին, բայց շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ սա շատ ավելի մեծ տեսլականի մաս է, և առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու։ Սա այն դեպքերից է, երբ մենք, գոնե ես ինքս ինձ համար, արձանագրում ենք, որ մենք իրականում այդքան էլ լավ պատկերացում չունենք մեր երկրի աշխարհագրական դիրքի մասին՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։ Մեր երկրում այդպիսի սոցիալ-հոգեբանական ավանդույթ կա՝ ասել, թե մենք ինչպիսի վատ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, և առիթ ունեցել եմ ասելու, որ ներկա տարածաշրջանային և միջազգային պրոցեսների արդյունքում մեր երկրի աշխարհագրական դիրքը հաստատուն կերպով փոխվում է։ Սա շատ հետաքրքիր երևույթ է. մենք, բնականաբար, ոչ մի տեղ չենք գնում, մեր երկրի կոորդինատները չեն փոխվում, բայց աշխարհագրական դիրքը փոխվում է»։
Խոսելով, մասնավորապես, Ախուրիկ-Կայան գծի մասին՝ վարչապետը նշել է, որ Ախուրիկը Թուրքիայի հետ սահմանային հատվածն է Շիրակի մարզում, Կայանը Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բնակավայրն է։ «Երբ խաղաղության գործընթացը սկսվեց և տեղի ունեցավ, և նախորդ տարի օգոստոսի 8-ին հաստատվեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք մի շատ անսպասելի հարց ստացանք մեր միջազգային գործընկերների կողմից՝ իսկ դուք գիտե՞ք, որ Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ցամաքային ճանապարհն անցնում է ՀՀ-ով։ Եվ մենք ուղիղ և անկեղծ ասացինք՝ ոչ, չգիտենք։ Նման բաների մասին մտածելու առիթ պարզապես չենք ունեցել։ Հիմա, ըստ էության, այս ծրագրի մի բաղադրիչով մենք գործնական ուսումնասիրության պետք է ենթարկենք մեր միջազգային գործընկերների կողմից առաջարկված այն թեզը, որ Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով, մասնավորապես՝ Կայանից մինչև Ախուրիկ՝ Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ», –ասել է երկրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ հատվածներում վերջին տարիներին ենթակառուցվածքների ոլորտում շատ մեծ ներդրումներ են իրականացվել՝ Նոյեմբերյան-Իջևան-Երևան մայրուղու վրա, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում։ «Ուզում եմ այս առումով նշել Ենոքավան-Ջուջևան ավտոճանապարհը, Ենոքավան-Աթան ճանապարհի հեռանկարը։ Շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը։ Մենք այդ ճանապարհն ապահովելու համար պետք է այլընտրանքային ճանապարհներ ունենանք, որպեսզի կարողանանք այդ հիմնական գիծն ապահովել միջազգային բեռնափոխադրումների համար։ Իհարկե, այս խորհրդատվության արդյունքում մենք ամենակարճ ճանապարհն ավելի կկոնկրետացնենք»։
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, ըստ որի Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր։ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության՝ Հայաստանի խոշորագույն կրթական և գիտական հաստատությունը ղեկավարելու համար։ «ԵՊՀ-ն, շնորհիվ Կառավարության մեծածավալ ներդրումների, հագեցվել է նորագույն գույքով, սուպեր համակարգչով, ինչի շնորհիվ մեր գիտական արդյունքները գրեթե կրկնապատկվել են», -ասել է նորընտիր ռեկտորը՝ հավելելով, որ կրթական ոլորտում նոր մարտահրավերներ, բարեփոխումներ են սպասվում՝ նոր օրենքից բխող փոփոխություններով պայմանավորված։
TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ
Կառավարությունն ընդունել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու վերաբերյալ որոշում։ TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն ծրագրի նախապատրաստական, տարածքի բացազատման և մաքրման աշխատանքներ։ Նախատեսվում է քարերից և թափվածքներից մաքրման աշխատանքներ կատարել նաև տարածքում առկա թունելներում, հեռացնել թափված և արհեստական կառույցների մոտ կուտակված գրունտները։ Նշված աշխատանքների ապահովման նպատակով որոշմամբ առաջարկվում է հրատապության կարգով ձեռքբերել տարածքի բացազատման և մաքրման աշխատանքներ, ինչպես նաև էսքիզային նախագծի և թերությունների ակտի պատրաստման ու ծախսերի գնահատման ծառայություններ։ TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ TRIPP-ի միջոցով Հայաստանը ձգտում է՝ ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում, ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ և այլն։
Կառավարությունը գումար է հատկացրել Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում առաջնահերթ լուծում ծրագրերի իրականացման համար
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմին հատկացնել 10,000 հազար դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին` 13,330․9 հազար դրամ, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ 16,669․1 հազար դրամ։ Մասնավորապես, կիրականացվեն հետևյալ ծրագրերը՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյ․ Տեղ 19-րդ փող. թիվ 11 հողամասի հասցեում նոր հենապատի կառուցման աշխատանքներ,Վայոց ձորի մարզի Տ-9-36-/Մ-2/-Արտավան ճանապարհի վրա գտնվող հին կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներ։
Սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Կառավարության որոշմամբ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027թ հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել ժամանակավոր պաշտպանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար դիմում ներկայացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կապահովվի նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար օրենսդրությամբ սահմանված՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջի կատարումը։ Հաշվի առնելով ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը։ Մասնավորապես, 2025 թ. երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2,154 անձ, իսկ 2026 թ. առաջին կիսամյակում՝ 6,929 անձ։
Կհաստատվեն պետական տեղեկատվական համակարգերում տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման միասնական չափորոշիչներ
Գործադիրն ընդունել է «Տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի ստեղծման և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ներկայումս բացակայում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգ։ Մինչ օրս գործող ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր չափորոշիչները բավարար չեն ապահովում տվյալների անվտանգության դասակարգման, ռիսկերի վերլուծության, աուդիտի, ինչպես նաև կիբեռմիջադեպերի կառավարման մեխանիզմների ամբողջական կարգավորումը։ Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի ներդրմանը, ստեղծմանն ու կիրառմանը։ Մասնավորապես՝ պետական տեղեկատվական համակարգերում տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման միասնական չափորոշիչների հաստատմանը, տվյալների անվտանգության դասակարգման և ռիսկերի գնահատման համակարգված մեթոդաբանության կիրառմանը, ISO/IEC 27001 միջազգային ստանդարտին համապատասխան աուդիտային գործընթացների ինստիտուցիոնալացմանը, կիբեռմիջադեպերի կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման ընթացակարգերի իրավական կարգավորմանը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) ենթակառուցվածքի հզորացման հարցը։ Այն պայմանավորված է Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքի, որն ուժի մեջ է մտնում 2027թ. հունվարի 1-ին, պահանջներին համապատասխան ամբողջական նոր համակարգի մշակման և ներդրման, նոր տվյալների կենտրոնի, անձնագրային նոր համակարգի և պետական տվյալների փոխգործելիության նոր մոդելի ներդրմամբ։ Անձնագրային նոր համակարգի ներդրման՝ պետական-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ծրագրային և տեխնոլոգիական լուծումների տեղակայման համար անհրաժեշտ միջավայրը տրամադրում է ֆրանսիացի գործընկերը, իսկ հայկական կողմն ապահովում է ԲՊՌ-ի հիմնական սերվերային ենթակառուցվածքը։ Ըստ հիմնավորման՝ ԲՊՌ-ն նախատեսվում է զարգացնել որպես պետական տվյալների փոխանակման առանցքային ենթակառուցվածք և պետական տվյալների միասնական ու պաշտոնական աղբյուր։ Այդ մոտեցման շրջանակում պետական մարմինների տեղեկատվական համակարգերում տվյալների կրկնօրինակների պահպանումը աստիճանաբար կնվազի, և տվյալների ստացումն ու օգտագործումը կդառնա միասնական։ Արդյունքում՝ կձևավորվի ԲՊՌ-ի անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը, որը հնարավորություն կտա սպասարկել համակարգի ակնկալվող ծանրաբեռնվածությունը և ապահովել դրա հուսալի ու անխափան աշխատանքը։ Կստեղծվի նաև տեխնիկական հիմք պետական տվյալների փոխգործելիության նոր մոդելի ներդրման, ԲՊՌ-ի՝ որպես պետական տվյալների միասնական և պաշտոնական աղբյուրի հետագա զարգացման, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերում տվյալների կրկնօրինակների աստիճանական նվազեցման և վերացման համար։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է թվայնացման ուղղությամբ 42,000 հազար դրամը նախատեսել 2026 թ. պետբյուջեով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված համապատասխան միջոցառման ներքո՝ միջոցառման կատարող դիտարկելով Կադաստրի կոմիտեին: Հիմնավորման համաձայն՝ Ռիելթորական միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ում ռիելթորական գործունեության թափանցիկ, վերահսկելի և միասնական միջավայր ձևավորելու համար։ Անշարժ գույքի շուկայում գործարքների զգալի ծավալները կարևորում են ռիելթորական գործունեության ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը, մասնագիտական որակավորման և պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև գործարքների թափանցիկության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը։
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
2027 թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ապահովմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը միջազգային նշանակության խոշոր մարզական միջոցառում է, որի անցկացումը ՀՀ-ում կարևոր նշանակություն ունի երկրի միջազգային մարզական հեղինակության բարձրացման, սպորտային ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միջազգային մարզական միջոցառումներ կազմակերպելու կարողություն ունեցող երկրի դիրքավորման տեսանկյունից։ Առաջնությանը ակնկալվում է նախնական շուրջ 500 մարզիկների մասնակցություն, բացի այդ նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: Միևնույն ժամանակ այն կնպաստի մարզամշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացմանը:
Միջազգային համագործակցություն. անչափահասների օգտին սահմանված ալիմենտային պարտավորությունների կատարման առավել արդյունավետ ապահովում
Գործադիրի հավանությանն է արժանացել 2025 թ. մայիսի 13-ին ստորագրված ««Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թ. հոկտեմբերի 7-ի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մասնավորապես, արձանագրության փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել մասնակից պետությունների միջև իրականացվող իրավական օգնության շրջանակը՝ հնարավորություն նախատեսելով անչափահասների օգտին ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման համար։ Արձանագրության կիրառման արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է՝ անչափահասների օգտին սահմանված ալիմենտային պարտավորությունների կատարման առավել արդյունավետ ապահովում, դատական ակտերի ճանաչման և կատարման ոլորտում իրավական համագործակցության ընդլայնում,
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել ՀՀ սահմանային անցման կետերում առաջադեմ սահմանային վերահսկողության սարքավորումների ձեռքբերման և տեղադրման, առկա ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացման նպատակով ֆինանսավորման հարցում։
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից Հայաստանի Հանրապետության կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։
Կառավարությունն ընդունել է «2027 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» և «2027 թ. ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» որոշումներ։
Այլ որոշումներ
Ճանապարհային դեպարտամենտի ճանապարհաշինական նյութերի փորձարկման լաբորատորիայի վերազինման և աշխատանքների արդիականացման ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում։ Այն հնարավորություն կտա բարձրացնել իրականացվող փորձաքննությունների, արտադրական վերահսկողության որակը, ճշգրտությունն ու արտադրողականությունը։ Հաշվի առնելով սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող փորձաքննությունների ծավալների աճը և ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսված բոլոր սարքավորումների ձեռքբերումն ունի էական նշանակություն լաբորատորիայի տեխնիկական կարողությունների ընդլայնման, փորձաքննությունների աճող ծավալների սպասարկման և որակի վերահսկողության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Գործադիրն ընդունել է որոշում՝ «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպում» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական պայմանները ապահովելու նպատակով։
Կառավարության որոշմամբ կապահովվի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում նախատեսված 24 կոյուղատար համակարգերի հիմնանորոգման, ինչպես նաև 2 կոյուղատար և 2 հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքների ամբողջական ավարտը։ Արդյունքում՝ կկառուցվեն և/կամ կհիմնանորոգվեն ընդհանուր 11233 գծմ երկարությամբ կոյուղատար և հեղեղատար ցանցեր՝ ապահովելով տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի բարելավում, ջրահեռացման արդյունավետ կազմակերպումը, ջրածածկումների և կեղտաջրերի արտահոսքերի դեպքերի նվազեցումը, ինչպես նաև քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: