«Անհայտ կորածների իրավունքների հետ կապված խնդիրը միանշանակ չի կարող դիտարկվել առանձին, և դա է պատճառը, որ ես ինքս էլ մշտապես այս խնդրի վերաբերյալ խոսելիս խոսում եմ թե անհայտ կորածների հետ կապված հարցի, թե նրանց հարազատների իրավունքների մասին, որովհետև նրանց հարազատները, բնականաբար, շատ ծանր հոգեբանական, տնտեսական, սոցիալական և մի շարք այլ դիտանկյուններից մարտահրավերային իրավիճակում են գտնվում։ Եվ պետությունը, այդ թվում՝ իրենց նկատմամբ իրենց իրավունքների երաշխավորման տեսանկյունից, ունի մի շարք պարտավորություններ»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա նշեց, որ այս իրավիճակը բացառիկ օրինակ չէ Հայաստանի համար, որովհետև գրեթե բոլոր պետություններում, որտեղ կոնֆլիկտային իրավիճակ է եղել, ինչի հետևանքով նաև անհայտ կորած անձինք կան, գրեթե նույնական են խնդիրները։ Եվ նաև հարազատների իրավունքների հետ կապված խնդիրներն են շատ համանման։
«Եվ բնական է նաև, որ ինչքան տարի էլ որ անցնի, հարազատների տեսանկյունից հեշտ չի լինելու իրավիճակը որպես այդպիսին, առաջին հերթին հենց հոգեբանական տեսանկյունից հեշտ չի լինելու։ Դա է պատճառը, որ պետությունը առնվազն մինիմալ պարտավորությունները պետք է կարողանա կատարել»,- ասաց նա։
«Շատ կարևոր է, որպեսզի պետական մարմինների կողմից փոխանցվող հաղորդագրությունները՝ տարբեր գործընթացներին առնչվող, դրանք կարող են լինել թե խաղաղության, թե տարբեր այլ քաղաքական գործընթացների առնչվող, հաշվի առնեն ոլորտի հետ կապված առանձնահատկությունները և ևս ունենան բավարար զգայունություն՝ հատկապես մարդու իրավունքների հետ կապված խնդիրների առումով։ Բնականաբար ոչ դիտավորությամբ, բայց երբեմն մեր պետական մարմինների կողմից իրականացվող հաղորդագրությունները կարող են տպավորություն ձևավորել, որ գործընթացը առաջնային է դիտարկվում, և մարդկանց իրավունքները մի քիչ հետ են մղվում, այսինքն՝ մարդը կարող է այդպիսի տպավորություն ստանալ։ Ես վստահ եմ, որ բնականաբար մեր բոլոր պետական մարմինների դիտանկյունից այս մարդկանց խնդիրները ունեն առաջնային դերակատարություն, բայց նաև փոխանցվող հաղորդագրությունները ևս պետք է նպաստեն մարդկանց մոտ այն տպավորության ձևավորմանը, որ որևէ կերպ իրենց խնդիրները ոչ միայն երկրորդային չեն դիտարկվում, այլ նաև այդ թվում՝ կյանքի իրավունքի պաշտպանության, խոշտանգումներից արգելքի պաշտպանության և այլ իրավական մեխանիզմները պատշաճ գործադրվում են և հարգվում են պետության կողմից»,- ասաց նա։
Ըստ ՄԻՊ-ի՝ շատ կարևոր է, որպեսզի այս հարցը քաղաքականացված ձևաչափով չդիտարկվի։ «Այդ թվում՝ միջազգային գործընկերներն այսօրվա պանելային քննարկման ժամանակ սրա մասին շատ հստակ խոսեցին։ Ես էլ եմ ուզում այս հաղորդագրությունը հստակորեն փոխանցել։ Այն բոլոր քննարկումները, որոնք սովորաբար վարվում են տարբեր դերակատարների ներգրավմամբ, այդ թվում՝ տարբեր բևեռներ ներկայացնող, մշտապես իմ կողմից քննադատության են արժանանում այն տեսանկյունից, որ քննարկումն այն տրամաբանությունն է ստանում, և ես էլ այն տպավորությունն եմ ստանում, որ եկել են այսպես երկու տարբեր բևեռներից մարդիկ ու խմբեր, մեկը փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ ինչքան վատ է, մյուսը փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ ինչ աստիճանի լավ է։ Սա ընդհանրապես լավ տեղ չի տանում։ Այս ոլորտում ես չեմ տեսել որևէ դերակատար, որը չուզենա, որ մարդկանց խնդիրները լուծվեն։ Եվ ոլորտային քննարկումները պետք է այն տրամաբանությամբ վարվեն, որպեսզի մարդիկ հասկանան, որ նույնիսկ խնդիրների բացահայտումը և դրանց մասին խոսելը ոչ թե ինքնանպատակ է և ագրեսիվ քննադատության ինքնանպատակ ունի, այլ հակառակը՝ այդ թվում՝ քննադատող դերակատարները պետք է ցույց տան, որ իրենք ևս ցանկանում են որևէ կերպ աջակցել գործընթացին։ Եվ գործընթացը միանշանակ պետք է ստանա բոլորի կողմից այդ աջակցությունը խնդիրները ճիշտ տրամաբանությամբ լուծելու»,- ասաց Մանասյանը։
Ըստ նրա՝ միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման գործընթացները շատ են նպաստում իրավիճակը ավելի ճիշտ հասկանալու, ճիշտ պատկերացնելու, հասցեավորման ուղիները ճիշտ ընտրելու համար։
«Առաջին հայացքից կարող է թվալ, որ, օրինակ, այս խնդիրները միայն մեզ մոտ են, հենց այս տրամաբանությամբ դիտարկվում, բայց բոլոր գործընկերների հետ շփումները, նաև իրենց պետություններ այցերը ցույց են տալիս, որ գրեթե նույն խնդիրները և համանման ձևաչափով ոչ միայն այնտեղ են առկա, այլ տասնյակ տարիներ անց նաև մարդկանց կողմից են նույն տրամաբանությամբ բարձրաձայնվում։ Հետևաբար, իրենց արդեն իսկ այս տարիների ունեցած փորձը միանշանակ կարող է աջակցել և օգնել Հայաստանին՝ ոչ միայն հասկանալու խնդիրները, այլ նաև ճիշտ մոտեցում որդեգրելու այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- հավելեց Մանասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: