Չեմ պատրաստվում հանդուրժել դուրսպրծուկներին… այո՛, պատերով եմ ծեփելու, ով որ լեզվին տվեց. Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ

«Մենք չենք պատրաստվում ընդդիմությանը հնարավորություն տալ՝ ինչ ուզես, երբ ուզես, ոնց ուզես ասելու, այն պարագայում, երբ մենք նույնը չպետք է անենք։ Իմ ասածի մեջ ո՞րն է, որ ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես ասում եմ՝ մի հատ երիտասարդ կա, չեմ ուզում ասել՝ ջահել, եկել, մտել է Ազգային ժողով առաջին օրը, ներկայանում է որպես 44-օրյա պատերազմի հերոս։ Ասում ենք՝ ո՞վ է այս տղեն, որ մի հատ էլ արժանի գնահատականի չենք արժանացրել։ Հետո պարզվում է, որ զորակոչվել է ու մի որոշ ժամանակ անց ճողոպրել է։

Կամ Մանվել Գրիգորյանի օգնականն եկել է, խոսում է կոռուպցիայի մասին։ Եթե այս մեկը դատված չէ, այ մյուսը… արա՛, ո՞վ դատվածությունից խոսի, դու մի՛ խոսի»,– այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ խորհրդարանում իր խոսույթի վերաբերյալ հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը իր խոսույթում ոչ միայն խնդիրներ չտեսավ, այլ այսօր ճեպազրույցի ընթացքում կրկնեց նույն բառապաշարը՝ նշելով, որ ինքն իրերն իրենց անուններով է կոչում։

«Սամվել Կարապետյանն ամենամեծ բարերարն է, վա՜յ, մեծ բարերար է… Ես էլ ասում եմ՝ նայեք, թե ով է իրական բարերարը։ Իրական բարերարը ՀՀ կառավարությունն է, որը գողերի ձեռքից 9 միլիարդ առել, բերել է պետական բյուջե։

Հիմա մարդիկ սպառազինություն ունեն, ճանապարհներ ունեն, առողջության ապահովագրություն ունեն, զինվորականներն աշխատավարձեր ունեն, պետական ծառայողներն աշխատավարձ ունեն։

Ես այսպիսին եմ ու այսպես եմ հաղորդակցվում։ Չեմ պատրաստվում այս դուրսպրծուկներին հանդուրժել, որ մի հատ էլ դուրս գան, խոսեն կոռուպցիայի մասին։ Կոռուպցիան ձեր ԴՆԹ-ն է։ Այդ կուտոկը, որ կա, ծագում է կոռուպցիայից։ Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի հատ պատասխան՝ կոռուպցիա, ուրիշ բան չկա։

Ես կանգնեմ ամբիոնին, ասեն՝ կոռուպցիա, ես էլ ասեմ՝ այո՛, իրավական գործընթացնե՞ր։ Գլուխներդ պատերին եք տվել։ Այո՛, պատերով եմ ծեփելու, ով որ լեզվին տվեց»,– ասել է Փաշինյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment