Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Պիոներ» օրիգինալ ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել են «Mersedes G», «Changan», «BYD» և «Leopard» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից «Mercedes G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոպահեստամասերի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, ըստ տեղեկությունների, մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes G»-ն կայանված է եղել ավտոպահեստամասերի սրահում՝ թույլատրելի հատվածում, կայանված է եղել նաև «Changan»-ը։ Բախումը տեղի է ունեցել «BYD»-ի և «Leopard»-ի միջև։