ՀՀ-ի տիրապետմանը կվերադարձվի 1054.2 հա մակերեսով 4 հողատարածք Արարատի մարզում

Պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողատարածք։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է։

Անվավեր են ճանաչվել 3 միլիարդ 627 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1054.2 հա մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ մրցույթները, անվավեր են ճանաչվել հողամասերը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագրերը և դրանց նկատմամբ կատարված պետական գրանցումները:

Ավելի վաղ` 2025 թվականի նոյեմբերի 11-ին դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք:

Տեղեկացվում է, որ դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել էր մի շարք այլ խախտումներ:

Գերատեսչության պնդմամբ` 2008–10թթ Արարատի մարզպետ եղած Վարդգես Հովակիմյանը 2006 թվականի ընթացքում Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Մախսուդյանի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով` վարձակալության իրավունքով, հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր՝ 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք:

Հիշեցնում են, որ 2026 թվականի օգոստոսի 10-ին դատախազությունը կողմից հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատախազության հայցը բավարարվել է։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի 1054.2 հա մակերեսով 4 հողատարածք:

Sputnik Արմենիա

Leave a comment