Ներդնել ՔԿՀ-ներում ինքնասպանությունների հետևանքով մահերի և ինքնավնասումների կանխարգելման համալիր մեխանիզմ. հայտարարություն

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խոր մտահոգություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան շարունակական դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառների, դրանց համար պատասխանատու անձանց բացահայտման և պատասխանատվության ենթարկման, իրականացված քննությունների արդյունավետության ու դրանց արդյունքների վերաբերյալ հանրային հաշվետվողականության բացակայության առնչությամբ։ Մտահոգիչ է նաև մահվան դեպքերի կրկնությունը կանխելուն ուղղված համակարգային միջոցառումների և դրանց իրականացման արդյունքների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվության չտրամադրումը։

Ըստ քրեակատարողական ծառայության հրապարակած տվյալների՝ 2026 թ. ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արդեն արձանագրվել է մահվան 4 դեպք, 2025 թ.՝ 24, 2024 թ.՝ 12 մահվան դեպք։

2026 թ. նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահը հերթական անգամ վեր հանեց քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների խնդիրները, ինչպես նաև այդ իրավունքների երաշխավորման ուղղությամբ իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտավորությունների ոչ պատշաճ ընկալումն ու կատարումը։ Անընդունելի և խնդրի էությունը շեղող են ազատությունից զրկված անձանց մահվան դեպքերի արդարացման կամ դրանց մտահոգիչ բնույթը նվազեցնելու փորձերը՝ դրանք ազատության մեջ տեղի ունեցող մահվան դեպքերի հետ համեմատելու միջոցով։

Ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության անմիջական հսկողության և պատասխանատվության ներքո։ Հաշվի առնելով նրանց խոցելիությունը՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց կյանքն ու անվտանգությունը, այդ թվում՝ ապահովել որակյալ և ժամանակին բժշկական օգնություն՝ ազատության մեջ տրամադրվող համարժեք չափանիշներին համապատասխան։

Մահվան յուրաքանչյուր դեպք պետք է դառնա արդյունավետ, անկախ և ժամանակին քննության առարկա՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու, պետական մարմինների գործողությունները կամ անգործությունը գնահատելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Միաժամանակ, քննությունը պետք է լինի բավարար թափանցիկ՝ ապահովելու հանրային վերահսկողությունը և հաշվետվողականությունը և իրավունքի գերակայության նկատմամբ հանրային վստահության վերականգնումը։ Մահացած անձանց ընտանիքները պետք է ունենան տեղեկություն ստանալու, քննությանը արդյունավետ մասնակցելու և իրավախախտման դեպքում պաշտպանության ու հատուցման միջոցներից օգտվելու իրական հնարավորություն։

Մահվան դեպքերի ուսումնասիրությունը, սակայն, ի հայտ է բերում քրեակատարողական համակարգում առկա մի շարք խորքային և համակարգային խնդիրներ։ Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց չի տրամադրվում անհրաժեշտ, ժամանակին և պատշաճ բուժօգնություն, քրեակատարողական հիմնարկները համալրված չեն բավարար թվով մասնագետներով, իսկ մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը քաղաքացիական բուժհաստատություններում հաճախ ուշանում է, այդ թվում՝ վարչարարական և բյուրոկրատական խոչընդոտների կամ ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության, օրինակ, ուղեկցող մեքենաների անմատչելիության պատճառով։ Նման ձգձգումները կարող են հանգեցնել առողջության անդառնալի վատթարացման և նույնիսկ մահվան։ Համակարգային բացերի մասին են վկայում նաև ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը, որոնք մատնանշում են դրանց կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, հոգեկան առողջության շարունակական ծառայությունների և ճգնաժամային աջակցության բացակայությունը կամ ոչ բավարար իրագործումը։ Միաժամանակ, որոշ քրեակատարողական հիմնարկների, և հատկապես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պահման պայմանները խիստ անմխիթար են։

Ավելին, մահվան դեպքերով արդյունավետ քննության բացակայությունը վերածվում է անպատժելիության միջավայրի, որտեղ համակարգային խնդիրները շարունակվում են, իսկ ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանության պետական պարտավորությունը մնում է հռչակագրային։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք՝

Իրականացնել քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի, ներառյալ՝ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի, արդյունավետ քննություն, այդ թվում՝ պատշաճ գնահատական տալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողություններին կամ անգործությանը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և ապահովել քննության արդյունքների նկատմամբ հանրային հաշվետվողականություն։

Առողջապահության նախարարության և մյուս իրավասու մարմինների պատասխանատվությամբ ապահովել ազատությունից զրկված անձանց՝ առանց խտրականության, մատչելի, պատշաճ, ժամանակին և որակյալ բժշկական սպասարկումը, ինչպես նաև համալրել բոլոր քրեակատարողական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական մասնագետներով։

Ներդնել ինքնասպանությունների հետևանքով մահերի և ինքնավնասումների կանխարգելման համալիր մեխանիզմ՝ հիմնված մարդու իրավունքների չափանիշների վրա՝ ապահովելով ինքնասպանության ռիսկի գործոնների և բարձր ռիսկային իրավիճակների վաղ հայտնաբերման, գնահատման, անհատական աջակցության պլանների մշակման և շարունակական մշտադիտարկման գործուն մեխանիզմներ։

Անհապաղ իրականացնել բազմամասնագիտական ուսումնասիրություն՝ համակողմանի գնահատելու տեղի ունեցած մահվան դեպքերի պատճառներն ու նպաստող գործոնները, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկի և համակարգի արձագանքի ուսումնասիրությունը, և այն դարձնելով հանրության համար հասանելի։

Գործուն միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների չափանիշները չբավարարող և անձանց առողջության վրա էապես ազդող պահման պայմանների բարելավման ուղղությամբ։

Ապահովել մահացած անձանց ընտանիքների պատշաճ և ժամանակին իրազեկումը մահվան հանգամանքների ու իրականացվող քննության ընթացքի վերաբերյալ, նրանց արդյունավետ մասնակցությունը քննությանը, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը։

Ապահովել քրեակատարողական հիմնարկների աշխատողների համար անվտանգ, արժանապատիվ և պատշաճ աշխատանքային պայմաններ՝ ներառյալ բավարար կադրային համալրվածությունը, ողջամիտ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հանգստի իրավունքի պահպանումը և մասնագիտական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրումը։ Ներդնել աշխատողների հոգեկան առողջության պահպանման, մասնագիտական հյուծման կանխարգելման, հոգեբանական աջակցության և մասնագիտական շարունակական սուպերվիզիայի մեխանիզմներ։ Միաժամանակ ապահովել աշխատողների պարբերական վերապատրաստումը և կարողությունների զարգացումը ճգնաժամային իրավիճակների կառավարման, ինքնասպանության ռիսկերի հայտնաբերման, մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման ուղղություններով։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Ցիտադել իրավապաշտպան ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական Կոմիտե ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Երևանի մամուլի ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Մեդիա նախաձեռնություների կենտրոն

Փինք իրավապաշտպան ՀԿ

Հանրային օրակարգ ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Իրավունքի կենտրոն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment