Սամվել Կարապետյան․ Արսեն Գևորգյանի մահվան համար մեղավոր են «Փաշինյանի դահիճները»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը համարում է, որ բանտում կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան համար մեղավոր են վարչապետ «Նիկոլ Փաշինյանի դահիճները»։ Նա այդ մասին ասել է դատարանի դահլիճում լրագրողի հարցին ի պատասխան, հայտնում է Aysor.am-ը:

Կարապետյանը հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ այս իշխանությունը փոխի ՀՀ Սահմանադրությունը։

Դատական նիստի ընթացքում լրագրողները Կարապետյանից հետաքրքրվել են նաև նրա կալանքի պատճառներով։ Մասնավորապես, հարց է հնչել՝ արդյոք նրան միտումնավոր են շարունակում պահել անազատության մեջ, և հնարավո՞ր է, որ դա պայմանավորված լինի սպասվող որոշակի զարգացումներով։

Կարապետյանը կարճ արձագանքել է. «Դուք ինձանից ավելի լավ գիտեք»։

46-ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում՝ սրտի կաթվածից։ Նա 2 ամսով կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ լինելով Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու:

Leave a comment