Ավինյանի պատասխանը Աննա Հակոբյանին․ «Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, եթե մեկի մոտ հարց է մնում, կարող է մեր բյուջեն ուսումնասիրել»

«Կառավարության հետ խնդիր չունենք, կառավարությունն իրականում մեզ աջակցում է բոլոր նախագծերում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի քննադատություններին՝  Երևանում խցանումների ու միլիոնավոր դոլարների շինթույտվությունների վերաբերյալ, Ավինյանն ասաց․ «Եթե խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին, ես կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե միլիոնավոր դոլարների մասին է, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, որը Երևանի քաղաքապետարանն ամեն տարի այդ շինթույլտվություններից փաստացի ստանում է։ Եվ այդ տասնյակ միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, ճանապարհներ, մայթեր, դառնում են կոյուղիներ, էստակադաներ և դառնում են նաև մեր տրանսպորտի սուբսիդավորում։ Սա շատ հստակ թվային փաստարկ է, և եթե մեկի մոտ հարց է մնում, կարող է ընդամենը մեր բյուջեն ուսումնասիրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին ի պատասխան, թե արդյոք ինչ-որ «սև գործարքների» մասին է ակնարկում Աննա Հակոբյանը, և իրավական գործընթաց կարո՞ղ է հաջորդել նրա հայտարարություններին, Տիգրան Ավինյանը ներկայացրեց շինթույլտվությունների գործընթացը։ «Արդյոք այդտեղ հնարավոր մութ պրոցես կա՞, կարող է այդպիսի հավանականություն լինել, բայց եկեք նայենք՝ այն ժամանակ ոնց էր պրոցեսը և հիմա ոնց է։ Այս մեխանիզմը ես եմ ներդրել և այս մեխանիզմն էականորեն նվազեցնում է բոլոր ռիսկերը։ Հինգ ճարտարապետներ, որոնք կայացած են իրենց ոլորտում, իրենք են ամեն շաբաթ իրականացնում ճարտարապետական խորհրդի նիստեր և որոշում բոլոր բազմաբնակարանների և բնակելի շենքերի ճակատագիրը։ Այս հինգ ճարտապետներից մեկը վեց ամիսը մեկ փոխվում է, նոր մարդ է գալիս։ Եթե սա էլ բավարար չէ, և այստեղ էլ ունեք հարցեր, եկեք ուրեմն խոսենք կոնկրետ դեպքերով, որովհետև այստեղ արդեն ես կարող եմ հարց տալ՝ ի՞նչ դեպքի մասին է խոսքը»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment