Ազգային ժողովում Սահմանադրության վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին անդրադառնալիս Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասել է, թե Հայաստանի քաղաքական գործիչների շարքում միակ անձը, որին, իր գնահատմամբ, կարելի է բնորոշել որպես «ալիևյան», հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, հայտնում է Auroranews.am-ը:
«Պարոն Մանուկյանն ասում է, որ դեմ են Սահմանադրությանը, որովհետև այն «ալիևյան» է։ Ուզո՞ւմ եք մի գաղտնիք բացեմ, հարգելի՛ գործընկերներ, որը մեկ անգամ արդեն այս ամբիոնից բացահայտել եմ։ Հայաստանի քաղաքական դաշտում միակ բանը, որ «ալիևյան» է, Ռոբերտ Քոչարյանն է։ Գիտե՞ք՝ ինչու։ որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական դաշտի միակ գործիչն է, որը երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից»,- հայտարարել է պատգամավորը։
Նրա պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն Ադրբեջանի կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորությամբ
«Այս մասին պատմել է ռուս հայտնի լրագրողներից մեկը։ Նրա խոսքով՝ Դավոսում հանդիպել է Հեյդար Ալիևին և Ռոբերտ Քոչարյանին, որոնք նստած են եղել նույն սեղանի շուրջ։ Հեյդար Ալիևը նրան հրավիրել է իրենց սեղանի մոտ և ասել. «Ռոբիկը իմ ընկերն է, և ես նրան երաշխավորագիր եմ տվել կուսակցություն ընդունվելու համար»։
Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք իրավիճակի ամբողջ ցինիզմը։ «Ալիևյան Սահմանադրության» դեմ կատաղի պայքար մղող քաղաքական ուժի առաջնորդը, փաստորեն, ինքն է ալիևյան:
Ի դեպ, այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Ըստ պարոն Վենեդիկտովի՝ Հեյդար Ալիևը նրան դիմել է հենց Ռոբիկ։ Ո՛չ Ռոբերտ, ո՛չ «պարոն Քոչարյան, այլ՝ Ռոբիկ։ Սա էլ արձանագրենք, որովհետև հետագայում Հայաստանում Ռոբ դիմելաձևի հետ կապված հայտնի դեպքեր են տեղի ունեցել»,- հավելել է պատգամավորը։