Մետաքսե Հակոբյան․ Ներկայիս իշխանություններն ի սկզբանե որևէ այլախոհություն չեն հանդուրժել

Հայաստանի Հանրապետությունն օկուպացրած իշխանություններն ի սկզբանե որևէ այլախոհություն չեն հանդուրժել։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Ժողովրդավարական սկզբունքներից նահանջը Հայաստանի Հանրապետությունում, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հենց դա էլ, նրա խոսքով, քաղաքական հետապնդումների հիմք է դարձել։

«Ընդդիմանալը նրանք որպես սպառնալիք են դիտարկում, իսկ քաղաքական անհամաձայնությունը՝ պատժի ենթակա արարք։ Երկրում իրավապահ համակարգը դադարել է օրենքի պաշտպանության երաշխավորը լինելուց և վաղուց վերածվել է այս կամ այն քաղաքական նպատակները սպասարկող գործիքի»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերաբերող լրջագույն խնդիր կա։ Եվ այդ խնդիրն անհնար է կոծկել քրեական գործերով, դատական նիստերով կամ իրավական ձևակերպումներով։

«Քաղբանտարկյալների հարցը լիարժեք, անկախ ու թափանցիկ քննություն է պահանջում»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

NEWS.am

Leave a comment