«Արդյոք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին մետրոյի շարժակազմերի վերանորոգման մասին: Ի թիվս այլնի՝ հնչեցվեց գնացքների հաճախականության և ուղևորահոսքի բաշխման հարցը: Քաղաքապետը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր չէ գնացքների գալու միջակայքերը դարձնել 2 րոպե 45 վայրկյան: Նրան պարզաբանեցին, որ դա պահանջում է շարժակազմերի ընդհանուր քանակի ավելացում:

Տիգրան Ավինյանը խոսեց նաև Երևանում երթևեկության խնդիրների մասին: Ասաց, որ երթևեկության խնդիրների վերաբերյալ թեզեր են պտտվում, որոնց պետք է անդրադառնալ: Ավինյանը նշեց, որ 2016-ից Մետրոպոլիտենի ընդհանուր ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է, հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների քանակն ավելացել է: Նրա ձևակերպմամբ՝ Երևանում ավելացել են ավտոմեքենաները, քանի որ Հայաստանում տնտեսությունն ու, հետևաբար, ՀՆԱ-ն աճում են, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ գումար են վաստակում և գնում են ավտոմեքենաներ, դրա համար էլ մեքենաների թիվն աճել է մայրաքաղաքում:

«Արդյոք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա: Դրա պատասխանն է՝ միանշանակ ոչ: Կառուցվող շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում: Այդ շենքերի ավտոկայանատեղիներում ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում»,- ասաց Ավինյանը: Նա անգամ շեշտեց, որ շինարարությունից շահում է Երևանը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment