Մելիքյան․ Տրամադրված էինք հաղթելու, չեմ կարող ուրախ լինել (PAN.am)

Լատվիայի հետ արտագնա գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում ասել է, որ տրամադրված էին հաղթելու:

Ըստ նրա՝ Էդուարդ Սպերցյանը լիներ այս խաղերում, հավաքականը կհաղթեր, հայտնում է Armsport.am-ը:

«Տրամադրված էինք հաղթելու, եկել էինք այստեղ հաղթելու, չեմ կարող ուրախ լինել։ Բայց այն խնդիրները, որոնք մենք ունեինք․․․ դժգոհ չեմ։ Վնասվածք ստացած ֆուտբոլիստները մեզ շատ–շատ էին պետք, այս երկու խաղերում, առավել ևս գոլ խփող ֆուտբոլիստներ։ Կարողացել էինք ճիշտ ընտրել մարտավարությունը։ Սպասում էինք, որ մրցակիցը վտանգներ կստեղծեր ստանդարտերից, պատրաստ էինք։ Ընդհանուր առմամբ, մեր խաղն ավելի սուր էր, արժանի չէինք մեկ միավորի։ Կվերլուծենք, շատ բան կհասկանանք ու կշարժվենք առաջ։

Չսխալվեցինք Միշիևի հարցում։ Բայց դա մեծ ռիսկ էր, բայց մենք գնացինք դրան։ Եվ ոչ միայն դարպասապահի հարցում․ շատ ռիսկերի ենք գնացել, բայց շատ դեպքերում դարպասապահն ու ֆուտբոլիստները արդարացրել են։ Տխրում եմ, որ ֆուտբոլիստները գալիս են հավաքական առանց պրակտիկայի, իրենցից չեմ դժգոհում, այլ իրավիճակից։ Մենք ինչով կարող ենք օգնում ենք, գնում ենք ռիսկերի։

Բոլորը տեսնում են, որ թիմը ֆուտբոլ է խաղում։ Մի դեպքում որակը, մյուսում՝ փորձը, մյուսում պրակտիկան․․․ համոզված եմ՝ Սպերցյանը լիներ այս խաղերում, կհաղթեինք։ Հուսով եմ, մեր նոր ֆուտբոլիստը (Սարաջյանը, խմբ), MLS-ից, մեզ կօգնի: Որակը պետք ավելացվի, ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան ակումբներում, աճ գրանցեն։ Շատ կարևոր է հավաքականի շուրջ մթնոլորտը, որ հասկանան՝ ինչ իրավիճակում է և էր հավաքականը, ինչ իրավիճակ ստեղծենք՝ հավաքականը ոգին բարձրացնի։ Իմ խնդրանքն է՝ եղեք մեզ հետ, հավատացեք մեզ, մենք լավ թիմ ունենք»,– նշել է Մելիքյանը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումների արդյունքներն արդեն չէին կարող ազդել թիմերի տեղերի վրա աղյուսակում․ խմբի աղյուսակում թիմերի դասավորվածությունն արդեն իսկ հայտնի էր նախորդ տուրի արդյունքներով։

Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտում է երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցել երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրել։ Չեռնոգորիայի հավաքականն առաջին տեղում է, Կիպրոսը՝ երկրորդ, իսկ Լատվիայի ընտրանին՝ եզրափակել է աղյուսակը։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում Հայաստանի ազգային ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում անցկացված հանդիպման ընթացքում թիմերից ոչ մեկին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը, և խաղն ավարտվել է 0։0 հաշվով։

Leave a comment