ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են համալրվել նոր հավաքականով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բասկերի երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հերթական անգամ հայտ է ներկայացրել՝ ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին անդամակցելու համար։ Իսպանիայի համանուն ինքնավար համայնքը ներկայացնող հավաքականը հաստատակամ է ինքնուրույն գործունեություն ծավալելու հարցում։

«EFF-FVF-ը կարծում է, որ բասկյան ֆուտբոլն ունի պատմական ժառանգություն և հասարակական նշանակություն, որոնք հիմնավորում են նման դիմումը։ Իր դիրքորոշումը հաստատելու համար ֆեդերացիան կներկայացնի պատմական և սոցիալական փաստաթղթեր, որոնք վկայում են տարածաշրջանում ֆուտբոլի խոր արմատների, ակումբների դերի, հավաքականների ելույթների պատմության, ինչպես նաև այս մարզաձևի հասարակական ու ինստիտուցիոնալ նշանակության մասին։

Գործընթացի վերսկսումը շարունակությունն է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին ֆեդերացիայի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշման։ Այն ժամանակ բասկյան ֆուտբոլային հանրությունը ձգտում հայտնեց հասնել իր հավաքականների միջազգային ճանաչմանն ու ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին ուղղակի անդամակցության հայտ ներկայացնել»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Նշենք, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի վերջին նոր անդամները դարձել են բրիտանական անդրծովյան տարածք Ջիբրալթարը (2013 թվականին) և մասամբ ճանաչված Կոսովոն (2016 թվականին)։ Սակայն նրանց ընդունումից հետո կանոնակարգը խստացվել է․ գործող պահանջներով՝ միջազգային ֆուտբոլային կառույցներին կարող են անդամակցել միայն միջազգային հանրության կողմից ճանաչված անկախ, ինքնիշխան պետությունները։

Հետևաբար, թեև Ֆարերյան կղզիներն ու նույն Ջիբրալթարը ժամանակին հասցրել են դառնալ լիիրավ անդամներ և պահպանում են իրենց կարգավիճակը, այսօր նմանատիպ ինքնավար կարգավիճակ ունեցող որևէ այլ տարածք չի կարող ընդունվել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ։

​Հենց այս պատճառով կառույցները մերժում են նաև ինքնավար տարածքի կարգավիճակ ունեցող Գրենլանդիայի հայտը, որն արդեն փորձում է անդամակցել Հյուսիսամերիկյան կոնֆեդերացիային։

Leave a comment