Միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող գործերով լիարժեք միջազգային արդարադատության հասնելու հնարավորությունից։ Թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացվող անհատական գանգատները թույլ են տալիս հետամուտ լինել կոնկրետ խախտումների համար պատասխանատվության ապահովմանը, դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել միջպետական դատավարություններին։
Այս մասին «Ձայներ ընդդեմ մոռացության․ զանգվածային հանցագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով 5-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ երբ պետությունները հրաժարվում են դատական գործընթացներից, այդ որոշման ծանր հետևանքներն առաջին հերթին կրում են տուժածները։ Հատկապես կարևոր են ՄԱԿ-ի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիային առնչվող միջպետական գործերը։ Դրանք հնարավորություն են տալիս խախտումները, այդ թվում՝ անհանդուրժողականության դրսևորումներն ու հայերի դեմ ուղղված հանցագործությունները, դիտարկել ավելի լայն համատեքստում։ Ըստ Սահակյանի՝ պետությունների միջև քաղաքական պայմանավորվածությունները կարող են տուժածներին զրկել պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից։
Սահակյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Նրա խոսքով՝ ապացուցվել է Թալիշում հայ զինծառայողի նկատմամբ կատարված հանցագործությունը․ զինվորին գլխատել են, կենդանության օրոք կտրել ձեռքերը, իսկ նրա գլուխը ցուցադրել որպես ավար ու լուսանկարվել դրա հետ։
Սահակյանն ընդգծել է, որ նման հանցագործություններն իրագործողներն իրենց արարքներն ընկալում էին որպես հերոսացման առիթ, քանի որ չէին վախենում միջազգային պատժից։
Իրավապաշտպանը հիշատակել է նաև մեկ այլ դեպք, երբ տարեց հայ տղամարդուն մաշկազերծ էին արել, իսկ ենթադրյալ հանցագործը հետագայում կարողացել էր անպատիժ մեկնել Գերմանիա։ Բացի այդ, նրա խոսքով՝ շուրջ տասը տարի առաջ իրավապաշտպաններին հաջողվել էր հասնել մի հայ ընտանիքի նկատմամբ կիրառված խոշտանգումների փաստի հաստատմանը։ Հարազատները չէին կարողացել արժանավայել հուղարկավորել զոհվածին, քանի որ նրա մարմինը վերադարձվել էր առանց գլխի։
Սահակյանը տեղեկացրել է, որ իրավապաշտպանները վարում են շուրջ 300 գործ՝ կապված ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և սեփականության իրավունքի խախտումների հետ։ Նրա խոսքով՝ այս դատավարությունները չափազանց կարևոր են հանցագործությունները փաստագրելու և տուժածների իրավունքները պաշտպանելու համար։
Մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումների վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները՝ իրավապաշտպանը նշել է, որ Բաքուն դատական եզրահանգումները դիտարկում էր զուտ քաղաքական տեսանկյունից՝ դրանք մեկնաբանելով նաև որպես տարածքային ամբողջականության խախտում։ Ըստ նրա՝ նման մոտեցումը երկրորդ պլան է մղում որոշումների բուն բովանդակությունն ու կատարված հանցագործությունների համար պատասխանատվության հարցը։
Անդրադառնալով միջպետական գանգատների հետկանչմանը՝ Սահակյանն ընդգծել է, որ կցանկանար տեսնել դատարանների արձագանքը նման որոշումներին։ Նրա խոսքով՝ նման հարցերի հետագա քննությունը դատական մարմինների իրավասության շրջանակում է։