Բուլղարիան չի մասնակցի Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական ֆինանսավորման նոր փուլին, հայտարարել է երկրի վարչապետ Ռումեն Ռադեւը։
Սոֆիան Կիեւին չի տրամադրի զենք կամ զինամթերք իր սեփական ռազմական պաշարներից։
Վարչապետը պարզաբանել է, որ Բուլղարիան ներկայումս գտնվում է «չափազանց մեծ դեֆիցիտի ընթացակարգի» ներքո և դժվարություններ ունի սեփական պաշարների հետ կապված, ուստի ներկա պայմաններում ի վիճակի չէ ֆինանսական ներդրումներ կատարել. «Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը բազմիցս խնդրել է մեզ իջեցնել դեֆիցիտը 3%-ի սահմանաչափից ցածր»։
Վարչապետն ընդգծել է, որ Բուլղարիան չի խոչընդոտի ԵՄ անդամ մյուս պետություններին՝ ինքնուրույն որոշումներ կայացնել ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Միաժամանակ, Բուլղարիան պատրաստ է քննարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն միջոցների օգտագործումը բացառապես մարդասիրական կարիքների, էլեկտրաէներգիայի մատակարարման և բժշկական օգնության համար, այլ ոչ թե սպառազինություն ձեռք բերելու նպատակով։ Եթե Բուլղարիան հանդես գա որպես երաշխավոր, Ռադևը պնդում է այնպիսի մեխանիզմների կիրառումը, որոնք թույլ կտան միջոցներն ուղղել հատկապես Ուկրաինայի տարբեր շրջաններում բնակվող բուլղարական համայնքին։
Նա հավելել է, որ Բուլղարիան այլևս Ուկրաինային չի մատակարարում զենք կամ զինամթերք իր ռազմական պաշարներից։
Ըստ Ռադեւի՝ բուլղարական պաշտպանական ձեռնարկությունները 2022 և 2023 թվականներին շատ մեծ ծավալի սարքավորումներ են արտահանել, թեև հետագայում այդ ցուցանիշները աստիճանաբար նվազել են։ Նա դա բացատրել է պատերազմի բնույթի փոփոխությամբ. եթե սկզբնական փուլում հրատապ անհրաժեշտություն կար զինամթերքի, ապա այժմ պահանջարկը տեղափոխվել է դեպի անօդաչու թռչող սարքեր (դրոններ)։