Հունգարիայում 50 տարի անց վերսկսել են Ռուբիկի խորանարդի արտադրությունը
Գլուխկոտրուկի հայրենիք համարվող Հունգարիան 50 տարի անց կրկին սկսել է Ռուբիկի խորանարդ արտադրել, հայտնում է Euronews-ը։
Յասբերեն քաղաքում արդեն գործարկվել է արտադրական նոր ավտոմատացված հոսքագիծ, որը թույլ կտա տարեկան մինչև մեկ միլիոն խորանարդ արտադրել։
Ձեռնարկության բացման արարողությանը ներկա է եղել նաև գլուխկոտրուկի հեղինակը՝ այժմ 82-ամյա Էռնյո Ռուբիկը։ Արտադրությունում խորանարդների հավաքման ու դրանց անխափան աշխատունակության ստուգման համար կիրառվելու են ռոբոտացված մանիպուլյատորներ։
Ռուբիկն այս գլուխկոտրուկը հորինել է 1974 թվականին, երբ Բուդապեշտում դիզայն էր դասավանդում։ Եռաչափ կառույց ստեղծելու համար նա այն ժամանակ օգտագործել էր փայտե 27 բլոկ։ Իսկ արդեն 1977 թվականին «Մոգական խորանարդ» անվանմամբ խաղալիքն առաջին անգամ հայտնվեց հունգարական խանութներում։
Շատ չանցած՝ գլուխկոտրուկը համաշխարհային հռչակ ձեռք բերեց։ Վաճառքի առաջին մեծ բումի շրջանում՝ 1980–1983 թվականներին, ամբողջ աշխարհում իրացվեց շուրջ 200 միլիոն Ռուբիկի խորանարդ։