Հասարակություն
14.11.2026 | 15:03
Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին կառույցից։
Թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդություններ, ԲԴԽ-ն չի մանրամասնում։ Գլխավոր դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրում. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- FactorTV-ի հետ զրույցում նշեցին Դատախազությունից։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը, հղում կատարելով իր տեղեկություններին գրել էր, որ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։ Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը»,- գրել է լրատվականը։
Ռոզա Վարդանյան