Բնակարան Երևանում, Ողջիում, մեծ թվով հողամասեր՝ Ամասիայի տարբեր գյուղերում․ Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ով առաջադրված կին թեկնածուն

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում, որտեղ նոյեմբերի 29-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, և որտեղ ընտրապայքարի են դուրս եկել երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ու «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցությունը, բավական թեժ ընտրապայքար է սպասվում։

Այստեղ տարօրինակ մի երևույթ է կատարվել․ նախորդ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող Ջեմմա Հարությունյանը, որը ներկայիս համայնքապետն է, այժմ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Սամվել Ղարիբյանը, որ ՔՊ-ական էր, նախորդ ընտրություններում հանդես էր գալիս իր եղբոր գլխավորած ընտրացուցակում, այժմ ընդդիմադիրի դիրքերում է։

Ջեմմա Հարությունյանը, որն այս պահին գլխավորում է ՔՊ-ի՝ 45 հոգանոց ցուցակը, կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի և եկամուտների հետևյալ հայտարարագիրը․

Թեկնածուն հայտարարագրել է 361,7 քառակուսի մետր բնակելի մի տուն Ամասիայում՝ համատեղ սեփականությամբ, բնակելի մի տուն էլ՝ միանձնյա սեփականությամբ Ամասիայի Ողջի գյուղում՝ 113,45 քառակուսի մետր մակերեսով։

Ջեմմա Հարությունյանը համատեղ սեփականությամբ մի բնակարան էլ ունի Երևանում՝ 76,1 քառակուսի մետր մակերեսով։

Նա համատեղ սեփականությամբ մեծ թվով հողամասեր ունի թե՛ Ամասիայում, թե՛ Ամասիայի տարբեր գյուղերում, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրերում։

Այսպես՝ թեկնածուն երկու հողամաս ունի սահմանամերձ Շաղիկ գյուղում, մեկը 8,560 հա մակերեսով է, մյուսը՝ 19,8 հա մակերեսով։

Հողամասեր ունի նաև Մեղրաշատում, Բյուրակնում, Զարիշատում։ Մեղրաշատինը՝ 59,810 հա, Բյուրակնինը՝ 14,866 հա, իսկ Զարիշատինը՝ 99,600 հա մակերես է։

Նա Ամասիա բնակավայրում համատեղ սեփականությամբ երեք հողամաս ունի և մեկ շինություն։

Հողամասերը՝ 58,500 հա, 1,138 հա և 9,87 հա մակերեսով են, իսկ շինությունը՝ 467,3 քառակուսի մետր մակերեսով։

Նա ավտոմեքենա չի հայտարարագրել, թանկարժեք գույք՝ ևս։

Որպես եկամուտ՝ հայտարարագրել է համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ 7 մլն․ 863 հազար 123 դրամ, ամսական կենսաթոշակը՝ 75 հազար դրամ, բանկերից մեկից ավանդից ստացված 6 միլիոն դրամ և «Աշոցք ԱՏՃ» ՓԲԸ-ից ստացված՝ 5 մլն․ 400 հազար դրամ եկամուտը։

Նա գործարար Մարսել Կարապետյանի կինն է։

Նրա ամուսինը ղեկավարում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է Շիրակի մարզի (մասնավորապես՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների) ճանապարհների սպասարկմամբ ու ձմեռային մաքրման աշխատանքներով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment