Իրանի իշխանությունները կոչ են արել բնակչությանը խնայել գազը

Բաժանորդագրվել

Իրանի փոխնախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում գազի դեֆիցիտն օրական մոտ 530 մլն խորանարդ մետր է կազմում։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները կոչ են անում բնակչությանը խնայողաբար ծախսել գազը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության պատճառով գազի վերամշակման ձեռնարկությունների վնասման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Համիդ Բովարդը։

«Գործընկերների ջանքերի շնորհիվ գազի անխափան մատակարարումը շարունակվում է, բայց խնդրում եմ ժողովրդին ցուրտ օրերին խնայողաբար սպառել գազը», – գրել է Բովարդը X սոցցանցում։

Նա նշել է, որ այցելել է Իրանի հարավում գտնվող Ասալույեի արդյունաբերական գոտի, որը հարվածների է ենթարկվել ամերիկա-իսրայելական ագրեսիայի ժամանակ, և ծանոթացել գազի վերամշակման ձեռնարկությունների վերականգնման գործընթացին, ինչպես նաև այցելել է «Հարավային Փարս» հանքավայրի ծովային գազային հարթակներից մեկը, որտեղ վերջերս հրդեհ էր տեղի ունեցել։

Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաաֆար Ղաեմ-Փանահը հայտնել էր գազի պակասի պատճառով ձեռնարկությունների, էլեկտրակայանների աշխատանքի սահմանափակումների վտանգի, ինչպես նաև բնակչության համար սահմանափակումներ մտցնելու մասին։

Նրա խոսքով՝ այժմ գազի դեֆիցիտը երկրում օրական մոտ 530 մլն խորանարդ մետր է կազմում։

Leave a comment