Նոր թեմատիկ շարք. ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։

Սա առաջինն է «Պատմական դռներ» հուշադրամների շարքում։

«Արծաթե հուշադրամն առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը: Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո»,– ասված է հաղորդագրությունում։

Հուշամեդալի դիմերեսին ՀՀ զինանշանն է, դարձերեսին` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը։ 62.2 գ քաշով հուշամեդալի անվանական արժեքը 2000 դրամ է, թողարկման քանակը` մինչև 999 հատ։

Հուշադրամը հատվել է Գերմանիայում` «B.H. Mayer Mint» դրամահատարանում:

Հիշեցնենք, որ մինչ այս ԿԲ–ն թողարկել է հուշամեդալների պատմամշակութային այլ շարքեր, օրինակ` հայկական վանքերի և եկեղեցիների պատկերներով, մշակութային գործիչների դիմանկարներով, ինչպես նաև այբուբենի տառերով։

Sputnik Արմենիա

Leave a comment