ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD

Գերմանական BILD պարբերականի տեղեկություններով՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ ոչ պաշտոնական բանակցությունների ընթացքում ռուսական կողմի ներկայացուցիչներն առաջ են քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» վերաբերյալ կոշտ պայմաններ։ Դրանք ներկայացվել են նաև Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում եվրոպացի ներկայացուցիչներին։

Մոսկվան առաջարկում է պահպանել Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողությունը և ստանալ ամբողջ Դոնբասը, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածները։ Բացի այդ, ռուսական ծրագիրը նախատեսում է Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայելուց հրաժարում, ինչպես նաև դաշինքից Ֆինլանդիայի հեռացում։

Միաժամանակ, ըստ պարբերականի, Ուկրաինան պետք է ստանա արտադաշինքային կարգավիճակ և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, սակայն Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը չի բացառվում։ Առաջարկվում է ապառազմականացնել Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստները, որպեսզի Ուկրաինան չկարողանա դրանք օգտագործել որպես ռազմածովային բազաներ։ Նախատեսվում են նաև Սև ու Բալթիկ ծովերում նավագնացության ազատության վերաբերյալ պայմանավորվածություններ։

Մոսկվայի պահանջները վերաբերում են նաև Մոլդովային։ Ռուսաստանն առաջարկում է այն վերածել դաշնային հանրապետության, որի կազմում կընդգրկվեն բուն Մոլդովան, նրա կազմում գտնվող Գագաուզիայի ինքնավար շրջանը և չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը։ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Մերձդնեստրը և Գագաուզիան պետք է հնարավորություն ստանան անկախության հանրաքվեներ անցկացնել։

Փոխարենը ռուսական կողմն առաջարկում է Բելառուսից դուրս բերել միջուկային զենքը և հրաժարվել այնտեղ միջին հեռահարության հրթիռներ տեղակայելուց։ Բացի այդ, Մոսկվան պատրաստ է իր զորքերը դուրս բերել Մերձդնեստրից։

BILD-ն ընդգծում է, որ խոսքը ոչ պաշտոնական բանակցային շրջանակներում քննարկվող առաջարկներից միայն մեկի մասին է։ Զուգահեռաբար գործում են միջնորդների մի քանի խմբեր, այդ թվում՝ ռազմական շրջանակների հետ կապված։ Դրանք մրցակցում են միմյանց հետ, միաժամանակ, հայտնի չէ՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինն աջակցել է հենց այս ծրագրին:

Կրեմլը, իր հերթին, արձագանքել է այս հրապարակմանը։ Նշվում է, թե Ռուսաստանը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցությունների շրջանակում Ֆինլանդիային ՆԱՏՕ-ից դուրս բերելու պահանջ չի ներկայացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինձ այդ մասին հայտնի չէ։ Ոչ, նման պահանջ չի ներկայացվել։ Այդ մասին խոսք չի գնացել»,- ասել է նա լրագրողներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment