Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ 24News-ի հետ զրույցում Անի Ավետիսյանը պատմել է՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։
Նրա խոսքով՝ վիրահատության հիմնական նպատակը վնասված ոտքի ոսկրային կառուցվածքի վերականգնումն ու դրա երկարությունը մյուս ոտքին հավասարեցնելն է եղել։
«Վերջին վիրահատության ընթացքում ազդրիս վերին հատվածից ոսկոր են կտրել ու տեղափոխել ծնկիս հատված։ Հիմա ազդրիս վերևի հատվածում ոսկոր չկա, ասում են՝ ժամանակի ընթացքում պետք է աճի։ Բժիշկներն ասում են՝ մոտ 3-4 ամիս կպահանջվի։ Կրակոցի հետևանքով ոտքիս ոսկորը ամբողջությամբ փշրվել էր, այժմ բժիշկները փորձում են վերականգնել վնասված հատվածը»,- ասաց Անի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում ևս մեկ վիրահատություն է նախատեսվում։ Անիի խոսքով ցավերը չեն մեղմացել, ամբողջ օրվա ընթացքում ուժգին ցավեր է ունենում․
«Նախ պետք է ոտքիս երկարությունը հավասարեցվի մյուսին, հաջորդ վիրահատությանս ժամանակ արդեն ջլերն են վիրահատելու։ Վիրահատությունների ընթացքում տեղադրվել են նաև հատուկ մետաղական կոնստրուկցիաներ, որպեսզի կարողանան վերականգնեն։ Ամբողջ օրվա ընթացքում ցավեր եմ ունենում, անտանելի են ուղղակի, ցավազրկողներ եմ ստանում․․․», – պատմել է Անին։
Անիի փոխանցմամբ՝ ցավազրկող դեղերի ազդեցությամբ ցավերը որոշ ժամանակով մեղմանում են, սակայն դեղերի ազդեցությունն անցնելուց հետո կրկին ուժգնանում են։ Թեև արդեն երեք վիրահատություն է տարել, սակայն բուժման ավարտի և հիվանդանոցից դուրսգրման ժամկետների մասին դեռ խոսք չկա։ Անին նաև ընդգծել է, որ վիրահատությունն իրականացվել է պետական միջոցներով։ Անհրաժեշտ դեղորայքն ու բուժօգնությունը նրան տրամադրվում են ամբողջությամբ անվճար։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել։ Նա գիշերել էր բնակելի տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավորում ստացած կինը կարողացել էր դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։
Դեպքից հետո Անի Ավետիսյանը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ենթարկվել էր վիրահատության։ Բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները, որոնք նույնպես վնասվածքներ էին ստացել։ Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։