Microsoft-ի համաշխարհային կոլապսը. միլիոնավոր օգտատերեր առանց կապի, տուժել են նույնիսկ հիվանդանոցներն ու հետախուզությունը

Միկրոբլոգերն ու գրասենյակային աշխատակիցները երեկվանից ահազանգում են համակարգային մասշտաբի խափանումների մասին։ Microsoft-ի սերվերային ենթակառուցվածքում տեղի ունեցած հսկայական խափանումն ուղղակիորեն կաթվածահար է արել Outlook-ը, Teams-ը, Copilot-ը և առօրյա աշխատանքի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործիքներ։ Խնդիրն արդեն ընդգրկել է 74 երկիր ու տարածաշրջան՝ միլիոնավոր մարդկանց զրկելով նամակագրությունից ու աշխատանքային հարթակներից օգտվելու հնարավորությունից։

Անհասկանալի մասշտաբի այս կոլապսը սկսվել էր դեռևս հինգշաբթի երկրորդ կեսին՝ եվրոպական ժամանակով, և անգամ ուշ գիշերն ու առավոտյան իրավիճակը չէր շտկվել։ Downdetector պորտալի տվյալներով՝ միայն Outlook-ի աշխատանքի խափանման վերաբերյալ գրանցվել է մոտ 140 հազար բողոք։ Ինչպես խոստովանել են ընկերության մասնագետները, գիշերը վերականգնված սերվերները կրկին դուրս են եկել շարքից, հենց որ դրանց վրա նորից ծանրաբեռնվածություն է ընկել։ Ընկերությունում արդեն հայտարարել են, որ ձեռնարկված միջոցներն ու փոփոխությունները «չեն աշխատել այնպես, ինչպես սպասվում էր», և առավոտյան դրությամբ հաջողվել է արձանագրել միայն չնչին առաջընթաց։

Միևնույն ժամանակ, Microsoft-ում հավաստիացնում են, որ կիբերհարձակման որևէ հետք կամ նշան առայժմ չկա, սակայն վթարի բուն պատճառը ընկերությունը դեռևս գաղտնի է պահում կամ պարզապես չի նշում։

Խնդիրն այնքան է խորացել, որ բացի հիմնական գրասենյակային ծրագրերից, շարքից դուրս են եկել նաև SharePoint Online-ը, կիբերանվտանգության Defender XDR-ը, ինչպես նաև Planner-ն ու To Do-ն։ Թեև Microsoft 365 էկոհամակարգից պաշտոնապես օգտվում է ավելի քան 430 միլիոն մարդ, և հնարավոր տուժածների հստակ թիվը դժվար է գնահատել, սակայն հետևանքներն արդեն զգացվել են ամենատարբեր ոլորտներում։

Առողջապահության ոլորտում Մեծ Բրիտանիայի մի շարք բժշկական կենտրոններ ու հիվանդանոցներ հրատապ կոչով դիմել են քաղաքացիներին՝ խնդրելով շտապ հարցերով զանգահարել հեռախոսով, քանի որ էլեկտրոնային փոստն ու առցանց ձևաթղթերն անհասանելի են։

Պետական հատվածում Սինգապուրի կառավարությունը և Ավստրալիայի հետախուզական վարչությունը հանրային հայտարարություններ են տարածել՝ հաստատելով, որ իրենց համակարգերը նույնպես տուժել են այս խափանումից։

Տեխնոլոգիական հսկաների շարքում արհեստական բանականության ոլորտի առաջատարներ OpenAI-ն ու Anthropic-ն իրենց հերթին հայտնել են, որ լուրջ խնդիրներ են առաջացել իրենց գործիքները Microsoft 365-ին ինտեգրելու հարցում։

Բիզնեսի հատվածում ամերիկյան հայտնի Workhorse էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը ստիպված է եղել մինչև երկուշաբթի հետաձգել ֆինանսական արդյունքների ամփոփման իր կարևորագույն առցանց հանդիպումը։

Ինչպես նշում է Նոր Զելանդիայում գործող Gorilla Technology ընկերության փորձագետ Պոլ Սպեյնը, այս միջադեպը հերթական անգամ կուրծքը բաց արեց ու ցույց տվեց համաշխարհային բիզնեսի խոցելիությունը՝ բացահայտելով Եվրոպայի և ամբողջ աշխարհի աղետալի կախվածությունը ամերիկյան ընդամենը մի քանի տեխնոլոգիական մենաշնորհային հսկաներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment