Նոյեմբերի 13-ից Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը, որը ներառված է «Պատմական դռներ» հավաքածուում։
Նոր դրամի գեղարվեստական ձևավորման հիմքում Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու պատմական դուռն է, որը պատրաստվել է 1486 թվականին և համարվում է հայկական միջնադարյան մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներից մեկը։
Հուշադրամի առանձնահատկություններից է երկու կողմերում կիրառված ուլտրաբարձր ռելիեֆով փորագրության տեխնոլոգիան։ Դրա շնորհիվ առավել ընդգծված են ներկայացվել միջնադարյան հայ վարպետների ստեղծած դռան զարդաքանդակներն ու գեղարվեստական մանրամասները՝ արտահայտիչ դարձնելով պատմական նմուշի գեղեցկությունը։
Սևանավանքի պատմական դուռը ներկայում պահվում է Հայաստանի պատմության թանգարանում և գտնվում է հատուկ պետական պահպանության ներքո։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թվականի դուռը։
Արծաթե հուշադրամը հատվել է Գերմանիայում գործող «B.H. Mayer Mint» դրամահատարանում։
Հուշադրամի անվանական արժեքը 2000 դրամ է, պատրաստված է 999․9 հարգի արծաթից, քաշը 62․2 գրամ է, տրամագիծը՝ 50․0 միլիմետր:
Հուշադրամը պրուֆ որակի է, դրամաշուրթն՝ ատամնավոր: Թողարկման առավելագույն քանակը 999 հատ է։