Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն այսօր միջնորդություն է ներկայացրել՝ դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ։
Ըստ նրա՝ զննումն ու քննչական փորձարարությունը կարող են էական ապացուցողական նշանակություն ունենալ գործի համար։
Նրա խոսքով՝ եթե առաջին քննչական փորձարարության նպատակն է եղել պարզել, թե ինչպես են պարտադիր ժամկետային զինծառայողներ Գարիկ Սարգսյանն ու Ժիրայր Սահակյանը հրդեհի ժամանակ դուրս եկել ննջարանի պատուհանի ճաղավանդակներից, ապա երկրորդ քննչական փորձարարության նպատակն է եղել պարզել, թե որ հատվածից են փրկարար ծառայողները հունվարի 19-ին զինվորական կացարանի հրդեհը մեկուսացնելուց հետո դուրս բերել ժամկետային զինծառայողների մարմինները։
Նորիկյանի խոսքով՝ այս երկու փորձարարություններին չեն մասնակցել տուժող Խառատյանը, մեղադրյալ Եղիշե Հակոբյանն ու մեկ այլ գործով դատապարտված և պատիժը կրող Ռադիկ Մաթևոսյանը, որոնք, ըստ այս վարույթի ընթացքում հետազոտված ապացույցների, անմիջական դերակատարություն և մասնակցություն են ունեցել հրդեհի բռնկման ու մարման աշխատանքների գործընթացում։
Նորիկյանը շեշտեց, որ իր այս միջնորդության բավարարման դեպքում նշված անձանց մասնակցությամբ պետք է կատարվի դեպքի վայրի զննություն և իրականացվի ամբողջական փորձարարություն։
Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը։
Հիշեցնենք, որ զինվորական կացարանի հրդեհի հետևանքով 2023 թվականի հունվարի 19-ին զոհվել է 15 զինծառայող։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: