Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հուզմունք է արտահայտում, հիշատակելով, որ Արսեն Գեւորգյանի մահվանից հետո կարող են իրեն գրել եւ անեծք հասցեագրել ընտանիքի անդամներին, երեխային։ Սա դատապարտելի է, առանց որեւէ խոսքի՝ դատապարտելի է։ Բայց, այդուհանդերձ, քանի որ հարցը հանրային է, երեւույթը՝ համատարած, իսկ այն հանրային կյանք ներմուծողը դե ֆակտո այն իշխանությունն է, որ ներկայացնում եւ այդպես սատարում է Սրբուհի Գալյանը՝ երբեմն հանդուգն ցինիզմով, ապա արժե բոլոր դեպքերում դիտարկել երեւույթն ու արժանացնել մի քանի արձանագրման։
Նախ, արդարացիորեն հուզվող տիկին Գալյանը մտածո՞ւմ է կալանատանը մահացած Արսեն Գեւորգյանի հարազատների, ընտանիքի անդամների, նրանց հոգեվիճակի եւ ընկալումների մասին, երբ հայտարարում է, թե՝ «աշխարհում ամեն տեղ էլ մարդիկ են մահանում, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում»։ Առհասարակ, չի կարելի խաղալ միջուկային ռեակտորի կոճակի հետ, ու հետո ասել՝ «անթույլատրելի է միջուկային զենքի օգտագործումը»։ Ընդգծեմ, որ սա բոլորովին անեծքներն արդարացնելու համար չէ, որ գրում եմ։ Բայց այ «կոճակի» հետ խաղը սկսել է հենց ներկայիս կառավարող ուժը՝ գալով իշխանության, եւ հենց ինքն էլ պետք է դադարեցնի այն։ Կասի՞ օրինակ Սրբուհի Գալյանն այդ մասին իր քաղաքական ուժի ներքին շրջանակում։ Կդնի՞ այդ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության հարց։ Կարձանագրի, որ դա հիմնահատակ քայքայման ճանապարհ է, որ պետք է արգելափակել առավելագույնս արագ։
Միեւնույն ժամանակ, իսկ կմտածի՞, որ ինքը կարող է լինել տեխնոլոգիայի, այլ ոչ թե հանրային արձագանքի թիրախ։ Տեխնոլոգիայի, որի նպատակը, օրինակ, հենց իրեն խփելով՝ ընդդիմության հանդեպ իշխանությանն ուժեղացնելն է։ Կբացառի՞, որ իրեն հասցեագրված այդ ամենը կարող է լինել ընդամենը հենց իշխանության զենքը, որ հետո պետք է գցվի ընդդիմախոս հանրության գրպանը, ընդդիմադիր գործչի ողբերգական մահվան առիթով պատասխանատվությունն ու մեղադրանքները «շրջելու» համար։ Ես չէի բացառի։
Բայց, կրկնեմ, այդ «շրջանցիկ տեխնոլոգիան» չբացառելով հանդերձ, աներկբա դատապարտելի է որեւէ մեկի ընտանիք թիրախավորելը։ Բայց «ջինը» շիշ պետք է վերադարձնի նա, ով այն բաց է թողել շշից։ Այլ կերպ պարզապես չի լինում, «ջինը» պարզապես չի ենթարկվում որեւէ այլ մեկի, իր «ազատարարից» բացի։ Ընդդիմախոսներին փակի տակ պահելու եւ նրանց կյանքը վտանգելու փոխարեն, փակեք Ջինը շշի մեջ։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: