«Հավելյալ քննարկման անհրաժեշտություն է առաջացել»․ պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը ԱԺ-ում հետաձգվեց 2 ամսով

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր հետաձգվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում էր բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատակիցների վարձատրության չափը․ օրինակ՝ վարչապետի աշխատավարձը հասցնել մինչև 2 միլիոն 662 հազար դրամի։

Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը նախագծի քննարկման հետաձգման առիթով նշեց․ «Նախագիծը լավարկելու նպատակով հավելյալ քննարկման անհրաժեշտություն է առաջացել, և այդ կապակցությամբ կառավարությունից մեզ տեղեկացրել են, որ հեղինակը չի մասնակցելու այսօրվա մեր նիստին, ինչի առիթով ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագծի քննարկումը մինչև 2 ամիս ժամկետով հետաձգվում է»։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment