Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել

Քաղաքականություն

12.11.2026 | 17:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ սկսել, գրում է Turkiye today-ը։

Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Էրդողանն ընդգծել է կողմերին հնարավորինս շուտ բանակցությունների սեղանի շուրջ բերելու կարևորությունը՝ շեշտելով, որ Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ շարունակելու է աջակցել խաղաղությանն ուղղված ջանքերին։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շուտով կդադարեն, և հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղության՝ ընդգծելով, որ դիվանագիտությանը պետք է հնարավորություն տալ՝ տարածաշրջանային կայունության նոր ժամանակաշրջան սկսելու համար։

Հավելենք, որ պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, իսկ ապրիլին կողմերը հրադադարի են հասել։

Ավելի ուշ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են, քանի որ բանակցությունները մտել են փակուղի՝ չնայած հունիսին երկու կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment