«Արմեն Գրիգորյանը ունի ելակետային կարևոր տեղեկատվություն»․ Սոնա Ղազարյանն ԱԽՔ նախկին քարտուղարի տարբերվող կարծիքի մասին

«Ես համարում եմ, որ ժողովրդավար հասարակությունում ամեն քաղաքացի, նախկին պաշտոնյա, գործընկեր կարող է իր տարբերվող դիրքորոշումը հայտնել, որը միայն պետք է մեզ համար հարթակ դառնա առողջ քննարկման»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ հավելելով, որ հիմա էլ համարում է, որ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին լավ ընկեր և գործընկեր է։

Լրագրողները իշխող ուժի պատգամավորից հետաքրքրվել էին՝ Արմեն Գրիգորյանը ծավալուն հոդված էր գրել և անդրադարձել էր ԵՄ-ին՝ նշելով, որ ԵՄ-ն և Հայաստանի եվրոպական ապագան պատրանք են, և որ այդ ճանապարհը Հայաստանին տանելու է Ռուսաստանից կախվածության ավելացման։ Ինչպե՞ս եք սա գնահատում, և տարակուսելի՞ չէ, որ նա, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, որի օրոք նաև ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ նախագիծն ընդունվեց, նման հայտարարություն է անում պաշտոնաթողությունից հետո։

Սոնա Ղազարյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանի փոխարեն չի կարող պատասխանել այդ հարցերին. «Ինչո՞ւ հիմա՝ ես չեմ կարող պատասխանել պարոն Գրիգորյանի փոխարեն, թե ինչու հիմա է հոդվածը հրապարակվել։ Բայց էլի եմ ասում՝ մենք ժողովրդավար թիմ ենք, և պարոն Գրիգորյանը քանիցս իր դիրքորոշումը հայտնել է, և մենք այս մասին քննարկումներ ունեցել ենք։ Ես կարծում եմ, որ սա շատ նորմալ է, բավական առողջ քննադատություն է, որը կարող է տեղիք տալ բանավեճի։ Ես, իհարկե, որոշ դրվագներով անհամաձայն եմ, բայց էլի եմ ասում՝ պարոն Գրիգորյանը վստահելի գործընկեր է, ունի ելակետային կարևոր տեղեկատվություն, որի շուրջ ինքը իր մտքերն է արտահայտել։ Ես կարծում եմ, որ սա հանրության մոտ պետք է առողջ բանավեճի տարածք բացի»։

Հստակեցնող հարցին՝ ո՞ր մասով է համաձայն, որո՞վ՝ ոչ, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ չի ցանկանում այս բանավեճը հանրային տարածքի մեջ մտցնել. «Ես պարոն Գրիգորյանի հետ առիթ կունենամ առանձին խոսելու, բայց ես էլի եմ ասում՝ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է կարևոր օրենք, որը մեզ ուղարկել են քաղաքացիները։ Սա աննախադեպ գործընթաց է եղել, երբ որ 60 000 քաղաքացիներ իրենց նախաձեռնությամբ հանդես են եկել։ Ես կարծում եմ՝ սա շատ ժողովրդավար է, և քանի որ այս ժողովրդավարական գործընթացի արդյունքում մենք մեծ մասով հակասություն չունենք, ես կարծում եմ, որ նորմալ է, որ խորհրդարանն ընդունել է այս օրենքը, և ես կարծում եմ, որ եվրոպացի մեր գործընկերները, հատկապես վերջին տարիների ընթացքում, շատ հստակ են արձագանքել Հայաստանի Հանրապետության կարիքներին, և սա պետք է ընդունել ի գիտություն և հաշտվել նոր իրականության հետ, որ այո՛, եվրոպական ինտեգրացիոն գործընթացները, կարելի է ասել, մի այնպիսի փուլում են, որոնք այլևս անշրջելի են, բավականին ինստիտուցիոնալ հիմքերի վրա են։ Եվ այն, որ վարչապետն էլ հայտարարել է թեկնածության հեռանկարի վրա, սա բավականին ռացիոնալ դիրքորոշում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին իրադարձությունները ի ցույց են դնում այն, որ Հայաստան-ԵՄ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքն արդեն չի բավարարում այն պոտենցիալին, որն առկա է Հայաստան-ԵՄ հարաբերություններում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment