«Որևէ կարգավիճակ չունեմ, այս պահի դրությամբ չեմ հարցաքննվել, հարցաքննության հրավեր չեմ ստացել։ Ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը չպետք է կաշկանդված լինի քրեաիրավական գնահատական տալ»,-փաստմանը դատախազությունը գործ է հարուցել ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված և հարցին՝ հարցաքննվե՞լ եք, տուժող ճանաչվե՞լ եք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
Հարցին՝ այդ գնահատականն ակնկալում եք, որ նաև ձեր ուժի՞ն կտրվի, թե միայն ընդդիմությանը, Տարոն Չախոյանն այսպես արձագանքեց․ «Իրավապահները կաշկանդված չեն տալ քրեաիրավական գնահատական՝ անկախ նրանից՝ մեղավորը կլինի իշխող ուժից, թե ընդդիմությունից»։
Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հայտարարել է՝ այն ձեռքը, որը մեկնվել է ամբիոնում կանգնած մարդուն, պետք է կոտրենք և դիտարկմանը՝ դրանից ավելի լավ ցուցում իրավապահ համակարգին ո՞նց տա, Տարոն Չախոյանն այսպես արձագանքեց․ «Կոտրելը վարչապետն ի նկատի է ունեցել փոխաբերական իմաստով, և կոտրել ի նկատի է ունեցել այն պատասխանը, որը ստացավ ընդդիմությունն իր խուլիգանական պահվածքի համար, այն անձը, որը գնացել էր դրան»։
Լրագրողների հարցին՝ Դուք ընդամենը պաշտպանվե՞լ եք և փաստմանը՝ տեսել ենք՝ իշխանական պատգամավորների հարվածները, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Իսկ ո՞վ է սկսել կռիվը։ Ես ամբիոնի մոտ կանգնած՝ բաժակով ջուրը ձեռքիս ընդամենը ջուր էի խմում։ Ակնհայտ է, որ ջուր խմողը չի պատրաստվում կռիվ անել։ Հարձակվեցին ինձ վրա, ինչին էլ հետևեց այն, ինչ տեսաք»։
Լրագրողները հիշեցրին՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածում ԵՄ անդամակցության անհեռանկարության մասին դիտարկումները, այս առիթով Տարոն Չախոյանն ասաց․ «Կներեք, բայց Արմեն Գրիգորյանն այլևս պաշտոնատար անձ չէ, դա իր տեսակետն է, ազատ է արտահայտել»։ Հարցին՝ ԵՄ-ի անդամակցության անհեռանկարության հետ կապված նրա տեսակետի հետ համամի՞տ եք, Տարոն Չախոյանն այսպես պատասխանեց․ «Ես կիսում եմ այն կարծիքը, որ ՀՀ-ն պետք է շարունակի գնալ դեպի զարգացում՝ ելնելով իր շահերից։ Ժողովրդավարության այն բարձր մակարդակը, որ այսօր կա ՀՀ-ում և այն ձգտումը, որ կա ՀՀ-ում դեպի զարգացում և քաղաքակրթություն, ակնհայտ է, թե ուր է մեզ տանում անկախ մեր կամքից»։
Ընդդիմության միավորման և սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրազեկման ակցիա իրականացնելու առիթով էլ նշեց․ «Մեր ընդդիմադիրներն առանց ծանոթանալու Սահմանադրության տեքստին, դուրս են գալիս փողոց, ակցիաներ իրականացնում։ Հարգելիներս, բարի եղեք, սպասեք ևս մի քանի օր, սահմանադրության տեքստը թող հրապարակեն, հետո պայքարեք։ Ինչ վերաբերում է ալիևյան սահմանադրություն ձևակերպումներին, մեր ընդդիմությունը, երբ դեռ իշխանություն էր, այն ժամանակ երբ մեղադրում էինք այդ մարդկանց երկիրը, ժողովրդին թալանելու մեջ, ամեն անգամ ասում էին՝ Ադրբեջանում կիմանան, կոգևորվեն ու կհարձակվեն։ Հիմա այդ նույն մարդկանց, որոնք ընդդիմադիր են, երբ մեղադրում ենք թալանի մեջ, ասում են՝ վայ, ալիևյան սահմանադրությունը և այլն, ամեն անգամ իրենց թալանը փորձում են արդարացնել Ալիևի և Ադրբեջանի միջոցով»։
Ընդդիմության իրազեկման ակցիաների մասին էլ նշեց․ «Հանրաքվեի գնալու համար մեզ անհրաժեշտ է բացի իշխող քաղաքական ուժի պատգամավորների ձայներից ևս վեց ձայն։ Եթե մեր ընդդիմությունը հաստատակամ է, որ այդ վեց ձայնը չի տալու իշխանությանը, որ գնանք հանրաքվեի, այդ դեպքում ինչի՞ համար են դուրս եկել փողոց»։
Հարցին՝ արդյոք եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովի նիստ կգումարվի՞, Տարոն Չախոյանը պատասխանեց․ «Առաջիկա օրերին՝ կարծում եմ մյուս շաբաթ կլինի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը»։
Տարոն Չախոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: