Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել․ ՌԴ ԱԳՆ

Հինգշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է արձանագրվել։

«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել. սա անհերքելի փաստ է», – ասել է Ռյաբկովը՝ մեկնաբանելով իրավիճակը RT-ի հետ զրույցում։

Փոխնախարարը նշել է․ «Սակայն նախկինում եղել են հետընթացներ, իրավիճակի շրջադարձեր, ինչպես նաև դեպքեր, երբ ջանքերը, որոնց հաջող ավարտը, թվում էր, արդեն ձեռքի տակ է, տապալվել են։ Մենք, անշուշտ, կցանկանայինք խուսափել նման բանի կրկնությունից»։

«Հուսով եմ՝ նրանք, ովքեր նախկինում փորձում էին խափանել գործընթացը, այժմ հասկանում են, որ իրավիճակը «տեղում» փոխվում է, ընդ որում՝ ոչ հօգուտ Կիևի. սա առաջին կետն է։ Բացի այդ, կարելի է հուսալ, որ նրանք դասեր են քաղում անցյալի իրադարձություններից։ Ի վերջո, նրանք պետք է իրենց գործնական մոտեցումներն ու քաղաքականությունը համապատասխանեցնեն իրենց իսկ հայտարարություններին, թե իբր աշխատում են հակամարտության կարգավորման ուղղությամբ», – ընդգծել է Ռյաբկովը։

Նա նշել է, որ սա վկայում է «հսկայական անջրպետի» մասին՝ «անջրպետ, որի արմատները Բրյուսելի և եվրոպական առանցքային մայրաքաղաքների կեղծավորության ու ստի մեջ են»։

Leave a comment