ՔՊ պատգամավոր․ Արմեն Գրիգորյանն այս պահին եվրաինտեգրման հարցում ունի տարբերվող դիրքորոշում

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն այս պահի դրությամբ եվրաինտեգրման հարցում ունի տարբերվող դիրքորոշում, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն՝ անդրադառնալով Գրիգորյանի «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածին:

Նախկին պաշտոնյան ԵՄ անդամակցության հեռանկարն անվանել է անիրատեսական:

«Ժողովրդավար հասարակությունում ամեն քաղաքացի, նախկին պաշտոնյա իր տարբերվող դիրքորոշումն ունի։ Պարոն Գրիգորյանն այս պահի դրությամբ ունի տարբերվող դիրքորոշում Եվրոպական ինտեգրման նկատմամբ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ղազարյանը նաև նշել է, որ պետք է Արմեն Գրիգորյանին հարցնել, թե ինչու է հիմա այդ հոդվածը հապարակվել։

«Պարոն Գրիգորյանը քննարկումների ժամանակ գրեթե նույնական դիրքորոշում հայտնել է։ Ես, իհարկե, որոշ դրվագներով համաձայն չեմ, բայց էլի եմ ասում՝ պարոն Գրիգորյանը վստահելի գործընկեր է, ունի ելակետային կարևոր տեղեկատվություն, որի շուրջ իր մտքերն է արտահայտել»,-ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են նաև՝ արդյոք Արմեն Գրիգորյանի հրապարակումը կարելի է դիտարկել որպես քաղաքական հայտ կամ այսպես կոչված պետականակենտրոն ընդդիմություն ձևավորելու փորձ։

«Չեմ կարող պարոն Գրիգորյանի փոխարեն պատասխանել այս հարցին, բայց էլի խնդիր չեմ տեսնում։ Ի՞նչ խնդիր կա, եթե պարոն Գրիգորյանը հայտ է ներկայացնում»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին՝ պատգամավորը հիշեցրել է, որ երկիրն արդեն ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Նրա գնահատմամբ՝ դա կարևոր որոշում է, որը ձևավորել է նոր քաղաքական իրողություն, և անհրաժեշտ է ընդունել այդ փոփոխությունը։

«Եվրոպական ինտեգրացիոն գործընթացները մի այնպիսի փուլում են, որ անշրջելի են, ինստիտուցիոնալ հիմքերի վրա են»,-ասել է նա:

Գրիգորյանն իր հոդվածում գրել է, որ ԵՄ-ին անդամակցելու գաղափարն առաջին հայացքից գրավիչ է թվում, սակայն, այս հարցում հաճախ ցանկալին շփոթում ենք հնարավորի հետ։

«Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատելիս պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական»,-գրել է նա:

Leave a comment