Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում տարիներ ի վեր կուտակված խնդիրները շարունակում են մնալ մտահոգիչ․ համակարգը դեռևս կաշկանդված է խարանով, համայնքային ծառայությունների բացակայությամբ և փակ հաստատություններում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»։ Այս մասին Երևանում ընթացող «Հոգեկան առողջությունը Հայաստանում» խորագրով համաժողովի պանելային քննարկման ժամանակ ահազանգեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լաուրա Գասպարյանը։

ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ Պաշտպանի ինստիտուտը դեռևս 2008 թվականից մշտադիտարկում է հոգեբուժական և խնամքի հաստատությունները, հրապարակել է երկու արտահերթ զեկույց, որոնք էական ազդեցություն են ունեցել օրենսդրական փոփոխությունների (մասնավորապես՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի) վրա, սակայն գործնականում մտահոգությունները շատ են․ «Ընդամենը մեկ ամիս առաջ խնամքի հաստատություններից մեկում մոնիթորինգի ժամանակ ինձ հարց են տալիս՝ «Արդյո՞ք խնամքի հաստատությունում կարելի է զսպում (ֆիզիկական ֆիքսացիա) անել, թե՞ ոչ»։ Պատկերացնո՞ւմ եք՝ 21-րդ դարում մենք դեռ կանգնած ենք այս հարցի առաջ։ Չլուծված են մնում ոչ հոժարակամ բուժման, անգործունակության ճանաչման և զսպման միջոցների կիրառման խնդիրները»։

Գասպարյանը շեշտեց, որ առողջապահական հասանելիությունը չի սահմանափակվում միայն ստացիոնար բուժմամբ․ այն պետք է ներառի մարդու սոցիալական կարիքները, խնամքն ու արժանապատվությունը։ «Մինչդեռ համակարգը դեռևս հակված է մարդկանց «խմբավորելու», այլ ոչ թե անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու։ Շատ դեպքերում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք նույնիսկ չգիտեն, թե իրենց նկատմամբ ինչ բուժում է իրականացվում։ Նրանք ասում են՝ «խմում եմ սպիտակ հաբը, կապույտ կամ դեղին հաբը»։

Նրանց չեն ներգրավում իրենց իսկ խնամքի և բուժման որոշումների կայացմանը»։ ՄԻՊ ներկայացուցիչը նաև մատնանշեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և աշխատանքային թերապիայի կազմակերպման անբավարար ընթացակարգերը, ինչպես նաև հանրային խարանն ու ատելության խոսքը, որոնց շարունակում են բախվել այս մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment