Իրանի իշխանությունները նախազգուշացրել են առաջիկա ձմռանը գազամատակարարման հնարավոր խափանումների մասին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի իշխանությունները նախազգուշացրել են առաջիկա ձմռանը գազամատակարարման հնարավոր խափանումների մասին ռազմական գործողությունների ընթացքում գազավերամշակող ձեռնարկությունների վնասման պատճառով: Սահմանափակումները կարող են ազդել երկրի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Թեհրանին, հայտնում է Reuters-ը:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ձմեռային շրջանում գազի կանխատեսվող դեֆիցիտը կարող է հասնել 430 մլն խորանարդ մետրի՝ նախորդ տարիների շուրջ 300 մլն խորանարդ մետրի դիմաց:
Նրա խոսքով՝ գազավերամշակող օբյեկտների վրա հարձակումների հետևանքով երկիրը կորցրել է 230 մլն խորանարդ մետր գազին համապատասխանող հզորություններ: Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:
Մոհաջերանին նախազգուշացրել է, որ սպառման զգալի աճի դեպքում հնարավոր են գազամատակարարման սահմանափակումներ ողջ երկրում, այդ թվում՝ մայրաքաղաքում:
Ինչպես նշում է Reuters-ը, Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Սաիդ Թավաքոլին ավելի վաղ հայտնել էր չորս գազավերամշակող ձեռնարկությունների վնասման մասին: Նրա տվյալներով՝ կորցրած հզորությունների մի մասն արդեն հաջողվել է վերականգնել:
Ազգային գազային ընկերությունը նաև նախազգուշացրել է Իրանի 31 նահանգներից 11-ում գազի մատակարարումների հետ կապված հնարավոր դժվարությունների մասին: Առավել խոցելի շրջանների թվում նշվել են Մազանդարանը, Գոլեստանը և Հյուսիսային Խորասանը:
Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են արել ձմռան նախաշեմին կրճատել բնական գազի սպառումը: