Ժողովրդավար հասարակությունում ամեն քաղաքացի, նախկին պաշտոնյա տարբերվող դիրքորոշում կարող է հայտնել. Ղազարյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ քննադատական հոդվածը կարող է հանրային բանավեճի հիմք դառնալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» խորագրով հոդվածին։

Նրա խոսքով՝ քաղաքական թիմում տարբեր դիրքորոշումների առկայությունը բնական է ժողովրդավարական միջավայրում։

Ղազարյանը նշել է, որ նախկին ԱԽ քարտուղարի դիրքորոշումն իր գործընկերների համար գաղտնիք չի եղել, և այդ հարցերի շուրջ նախկինում ևս քննարկումներ են ունեցել։

«Պարոն Գրիգորյանը ոչ միայն լավ գործընկեր է, նաև լավ ընկեր է։ Պարոն Գրիգորյանն իր հոդվածի հենց սկզբում նշել է, որ իր գործընկերները՝ մենք, ծանոթ ենք եղել իր դիրքորոշմանը»,– ասել է պատգամավորը։

Նա հոդվածը բնութագրել է որպես առողջ քննադատություն, որը կարող է բանավեճի հիմք դառնալ՝ ընդգծելով, որ Գրիգորյանին շարունակում է համարել վստահելի գործընկեր։

Ղազարյանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, կարող են արտահայտել տարբերվող տեսակետներ։ Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն ինքնին չպետք է խնդիր առաջացնի։

Միաժամանակ պատգամավորը պաշտպանել է Հայաստանի որդեգրած եվրոպական ուղղությունը՝ կարևորելով քաղաքացիների նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված և ընդունված օրենքը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։

Ղազարյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին եվրոպական գործընկերները հստակ արձագանքել են Հայաստանի կարիքներին, իսկ հարաբերությունները զարգանում են ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Նա վարչապետի ներկայացրած՝ անդամակցության հայտի հեռանկարը համարել է ռացիոնալ դիրքորոշում։

Հարցին՝ Գրիգորյանի տարբեր դիրքորոշումը կարո՞ղ էր նրա պաշտոնից հեռանալու պատճառ լինել, Ղազարյանը պատասխանել է, որ այդ մասին առավել նպատակահարմար է հարցնել հենց Գրիգորյանին և վարչապետին։

Պատգամավորը շեշտել է, որ ինքն էլ տարբեր հարցերում ունեցել և ներկայացրել է թիմի մյուս անդամներից տարբերվող տեսակետներ։

«Ես ողջունում եմ այլակարծությունը մեր թիմում և կարծում եմ, որ առանց այլակարծության մենք շատ վատ տեղում կհայտնվենք»,– ասել է Ղազարյանը՝ դա կարևորելով նաև կուսակցության զարգացման տեսանկյունից։

Leave a comment