Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան մասին. «Այս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ մի՛ դարձրեք»

«Նախ ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցություններս հայտնել մահացածի սգակիր հարազատներին։ Իհարկե, ողբերգական դեպք է տեղի ունեցել, երիտասարդ մարդ է մահացել՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մնացածից։ Հայ մարդ է, Հայաստանի քաղաքացի է, և բնականաբար ցավ է պատճառում տեղի ունեցածը»,- պատասխանելով երեկ ՔԿՀ-ում Ստեփանավանում համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին հարցին, ասաց ԱԺ իշխանական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել էր Արսեն Գևորգյանը։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Իսկ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։

Շտապօգնության ուշ հասնելու մասով լրագրողների դիտարկումներին էլ արձագանքեց․ «Ինչքանով ես եմ տեղյակ, որքան հասցրել եմ խոսել պատկան մարմինների հետ, բողոքից մինչև որևէ շտապօգնության հասնելը 20 քանի րոպե է տևել։ Անկեղծորեն, որ ասեմ, վստահ չեմ, որ, օրինակ, Ստեփանավանում կամ Հայաստանի մյուս համայնքներում, օրինակ, դրանից արագ է տեղի ունենում հասնելը։ Չգիտեմ՝ նորմատիվն ինչքան է, բայց ողջամիտ ժամանակ է… Չեմ արդարացնում, թող քննություն լինի, ամեն ինչը պարզվի, բայց առնվազն կարող է տպավորություն ստեղծվել, թե երկու ժամից է հասել, բայց 20 քանի րոպեն անթույլատրելի ցուցանիշ չի, եթե չեմ սխալվում»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական մեղավորության մասով էլ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Երեկվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, առհասարակ նրանց հետ նոր ձևավորված «Սերժի ճակատի» ներկայացուցիչները փորձում են այս մարդու մահը ինչ-որ քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել։ Այս պահի դրությամբ թույլ տվեք ընդամենը խորհուրդ տալ նրանց, որպեսզի նրանք դա չանեն»։

Լրագրողների դիտարկումներին, որ Արսեն Գևորգյանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հայտնվեց կալանավայրում, և ընտրվել էր խափանման այնպիսի միջոց, որն, ըստ իրավաբանների, կարող էր և չընտրվել, արձագանքեց․ «Անգամ նկատում եմ՝ քաղբանտարկյալ էր Արսեն Գևորգյանը, իշխանությունը ճնշեց… Շատ լավ, պնդում եք՝ եկեք խոսենք, թե սա ո՞ւմ մեղքն էր, ո՞վ էր էդ տղային փող տվել, որ տաներ բաժաներ։ Աշխատավարձ էր բաժանել… Շատ լավ, աշխատավարձ էր բաժանել, ամեն ինչ օրինական էր, բայց հազար ներողություն՝ Սամվել Կարապետյանն անձամբ չի բաժանում, Սամվել Կարապետյանի տղան անձամբ չի բաժանում։ Ի՞նչ է, այդ հարցի պատասխանը կտա՞ մեկը։ «Ուժեղ Հայաստան»-ին չեմ մեղադրում, ասում եմ՝ ո՞վ էր այդ փողը տվել իրեն, նախ առաջինը՝ ոչ միայն իրեն, այլ այն 300 հոգուն, որ ձերբակալված են, մարդկանց ճակատագիրը հարցականի տակ է։ Անկախ նրանից, թե ինչքան իմ համար գարշելի արարք են իրենք արել, բայց իրենց ճակատագիրը… Մարդիկ, եթե մեղավոր ճանաչվեն, գնալու են քրեական պատասխանատվության ենթարկվեն, տարիներով մնան բանտում։

Բուկլետների համար անհնար է կանխիկով փող տալ, այն էլ՝ ցուցակով մարդկանց։ Մեղքի բաժին են հարցնում, ասեմ՝ մեղքի բաժինը որն է։ Մեղքի բաժինը այդ ջահել տղերքին, այդ ջահել կանանց ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է, որ ուրիշների ձեռքով փորձեն հանցագործություններ անեն»։

Այս համատեքստում զրույց եղավ նաև առհասարակ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության մասնակցության և ճնշումների մասին։ Լրագրողներից մեկի հիշեցմանն էլ, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2 տարի 7 ամիս ազատազրկվեց, հետո արդարացվեց, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Մամիկոն Ասլանյանն արդարացվե՞լ է։ Չի արդարացվել, ընդամենը մի քանի հոդվածից մեկով է արդարացվել՝ ապացուցելով դրանով իսկ, որ դատական համակարգը նորմալ աշխատում է՝ որտեղ կա խնդիր, այդտեղ կա խնդիր, որտեղ չկա՝ չկա։ Մի դրվագով արդարացվել է, բայց այդ նույն դատարանի հետ եկել է համաձայնության, որ այն մնացած հոդվածները ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետով կարճվեն։ Բա եթե արդար էր Մամիկոն Ասլանյանը, այդ հանցանքները չէր գործել, թող այդտեղ էլ գնար մինչև վերջ, ասեր՝ արդարացրե՛ք ինձ, ես արդար եմ։ Ինքը համաձայնել է, որ ոչ արդարացնող հիմքով այդ գործերը կարճեն»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment