Բանտում քաղաքական գործիչը ինֆարկտից մահանում է, ըստ Փաշինյանի, մեղավոր է ոչ թե իր ստեղծած դակիչ դատական համակարգը, այլ՝ սիրտը. Մխիթարյան

«Նիկոլիզմն անպատասխանատվության գաղափարախոսություն է; Ընդհանրապես Նիկոլի առաջ քաշած ցանկացած թեզ միտված է սեփական սխալները, պարտություններն ու բերած ողբերգություններն արդարացնելուն։ Տոտալ անպատասխանատվության գաղափարախոսություն, ինչը քեզ թույլ է տալիս այսօր ասել մի բան, մի քանի տարի հետո՝ 180 աստիճան փոխել կարծիքդ և պնդել հակառակը և դրա համար չկրել ոչ մի տաեսակի պատասխանատվություն՝ ո՛ր քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային»,- ֆեյսբուքյան եթերում ասաց  Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր չիրականացրած խոստումների պատճառ կարող է հռչակել ցանկացած բան՝ պատմություն, սահմանադրություն, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը, Սփյուռքին, արցախցիներին, նախկիններին, Ստալինին։Անդրադառնալով 9 կյանք խլած ավտովթարի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած մտքին՝ Մխիթարյանն ասաց. «Մեղավոր են ոչ թե վատ կահավորված ճանապարհները, կամ սխալ երթևեկությունը, այլ մեղավոր են ավտոմեքենաները։ Ասում է՝ քանի կան ավտոմեքենաներ՝ ավտովթարներ միշտ տեղի են ունենալու; Բանտում երիտասարդ քաղաքական գործիչը ինֆարկտ է ստանում, մահանում է՝ մեղավոր է ոչ թե իր ստեղծած դակիչ դատական համակարգը, որը կալանքը դիտարկում է, որպես պատգիժ, ճնշում ընդդիմության վրա, այլ մեղավոր է սիրտը, որովհետև քանի մարդը սիրտ ունի, ինֆարկտը միշտ այդ սրտին խփելու է։ Թուրքերն ու ադրբեջանցիները ուզում են հայերին վերացնեն, մեղավոր են ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիները, այլ հայերը, որովհետև քանի դեռ հայերը կան,  թուրքերն ու ադրբեջանցիները միշտ ուզելու են մեզ վերացնեն»։

 Նշելով, որ Փաշինյանը չի պատրաստվում ընտրություններով հանձնել իշխանությունը՝ Մխիթարյանը բացատրեց, թե ինչ է պետք հեղափոխության «կայծ ստանալու» համար. «Պետք է գեներացնել նոր բովանդակություն, նոր առաջարկ, թե ինչպես է ՀՀ-ն փոխվելու դեպի լավ, ինչպես է փոխվելու մարդկանց կյանքը, բանակը, մշակույթը, ինչպիսիսն է լինելու մեր պատմությունը հեղափոխությունից մի քանի տարի անց։ Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»;

Leave a comment