Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ չորեքշաբթի մեծ թվով դպրոցների ուղարկված սպառնալից էլեկտրոնային նամակը կեղծ ահազանգ է եղել, որը ուղարկվել է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։ Նամակներն ուղարկվել են Իտալիայի առնվազն 300 դպրոցների տարհանումից հետո, գրում է France 24-ը։
Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ տեղեկացված է մի շարք դպրոցների ուղարկված «ընդհանուր բնույթի հաղորդագրության» մասին։ Ոստիկանությունը գնահատել է, որ սպառնալիքն արժանահավատ չէ, և դպրոցները տարհանելու անհրաժեշտություն չկա։
Հյուսիսային Իռլանդիայի ավելի քան 300 դպրոցներ նույնպես սպառնալից էլեկտրոնային նամակ են ստացել, որը ոստիկանությունը կեղծ ահազանգ է համարել։ Բրիտանական նահանգի ոստիկանությունը հավելել է, որ նամակն ուղարկվել է Միացյալ Թագավորության սահմաններից դուրս։
«Մենք նման միջադեպերին շատ լուրջ ենք վերաբերվում և հասկանում ենք, թե որքան անհանգստացնող է դա համայնքի, դպրոցականների, աշակերտների և ծնողների համար», — հայտարարել է ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ Էնթոնի ՄաքՆալին։
Իռլանդիայի ոստիկանությունը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է «կեղծ և ոչ արժանահավատ ռումբի սպառնալիքների դեպքերի աճ», և հորդորել է քաղաքացիներին նման նամակներ ստանալու դեպքում դիմել ոստիկանություն։
Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ հաղորդագրություններն անմիջապես ուսումնասիրվել և գնահատվել են որպես կեղծ ահազանգեր։«Մեր հետաքննությունը ցույց է տվել, որ որևէ հիմք չկա ենթադրելու, թե դրանք իրական սպառնալիք են ներկայացնում կամ հանրության համար ավելի լայն վտանգ են պարունակում», -ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան La7 հեռուստաալիքին հայտնել է, որ ահազանգերը նախնական գնահատմամբ կեղծ են, և սպասվում է, որ դրանցից տուժած դպրոցների թիվը կավելանա։
«Համազգային ռումբի սպառնալիքի մասին ահազանգից հետո տեղեկացնում ենք, որ բոլոր աշակերտները տեղափոխվել են անվտանգ վայր և գտնվում են ուսուցիչների հսկողության ներքո», -Հռոմի դպրոցներից մեկը հաղորդագրությունների հավելվածի միջոցով տեղեկացրել է ծնողներին։
Իտալիայում բազմաթիվ ծնողներ ստիպված են եղել ընդհատել իրենց գործերը և շտապել դպրոցներ՝ երեխաներին տուն տանելու համար։
Իտալիայում ստացված էլեկտրոնային նամակը ստորագրված է եղել «Միխայիլ Անդրոպով՝ Միսոգինիստանի վիլայեթի առաջնորդ» անունով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հաղորդագրության իր տրամադրության տակ հայտնված պատճենին։ Նույն անձը, որը ներկայացել է այդ անունով, ստանձնել էր նաև ուրբաթ օրը Իռլանդիայի և Բուլղարիայի լրատվամիջոցների խմբագրություններին ուղարկված՝ ռումբի սպառնալիքների մասին էլեկտրոնային նամակների պատասխանատվությունը։
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն հայտարարել է, որ չորեքշաբթի հնչած սպառնալիքները «արդեն բավականին հստակ ռազմավարության մաս են՝ վախ տարածելու և անհանգստություն առաջացնելու համար»։
«Դա միշտ չէ, որ օտարերկրյա պետությունների կամ թշնամական կառույցների գործն է։ Կան նաև ուշադրություն փնտրողներ և խելագարներ, որոնք նման ժամանակներում չեն համբերում՝ քաղաքում կամ տարածաշրջանում սարսափ տարածելու համար»,- հավելել է նա։
Հռոմի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի առնչությամբ հետաքննություն են իրականացնում իտալական իրավապահ մարմինները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի