Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին միջոցառման լավ կազմակերպման առիթով։
Վարչապետ Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը:
Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: