Երկրում, հատկապես անչափահասների շրջանում, հանցավորության ու թմրամոլության աճն արդեն դարձել է ազգային անվտանգության սպառնալիք։ Այս երևույթները հաճախ երկրորդվում են քաղաքական օրակարգերի համեմատ ու չեն ստանում անհրաժեշտ հնչեղություն, մինչդեռ եթե քաղաքական օրակարգերը կարող են իրենց լուծումը ստանալ, օրինակ՝ ընտրությունների միջոցով, ապա ծիլեր տված արատավոր բարքերն արմատախիլ անելն անհամեմատ դժվար է։
Իհարկե, հանցավորություն միշտ է եղել ու բոլոր երկրներում, սակայն այսօր դրա աննախադեպ ծավալները վտանգում են նաև մեր վաղվա օրը, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ այդ բարքերն արդեն ահագնացող չափերի են հասնում անչափահասների շրջանում։ Այնինչ հանցավորությունն ինքնին չի կարող զարգանալ, եթե դրա համար չլինեն նպաստավոր պայմաններ։ Օրինակ՝ Խորհրդային Միությունում ժամանակի իշխանությունը նպաստում էր քրեական ենթամշակույթի զարգացմանը, թույլ էր տալիս, որպեսզի «օրենքով գողերի», «գողական» ու բանտային կյանքի մասին ստեղծվեին ռոմանտիկ պատկերացումներ, հյուսվում էին երգեր, որոնց միջոցով քրեական հեղինակությունները ներկայացվում էին իբրև «ճշտի համար մարտնչող ասպետներ»։ Այդ քաղաքականությունը չէր կարող իր պտուղները չտալ, և որպես արդյունք՝ բազմաթիվ երիտասարդների համար իդեալներ էին հանդիսանում ոչ թե, օրինակ՝ Կոմիտասն ու Հովհաննես Թումանյանը, այլ գող այսինչը կամ գող այնինչը։ Բազմաթիվ երիտասարդներ երազում էին դառնալ ոչ թե բժիշկներ, գիտնականներ կամ երաժիշտներ, այլ քրեական հեղինակություններ։
Նույն պատկերն է նաև այսօր, թեպետ՝ տարբեր դրդապատճառներով։ Բացի նրանից, որ պետական համակարգը չի գտնվում պատշաճ վիճակում, ոլորտները չեն կարողանում գործել արհեստավարժորեն, իսկ իրավապահ մարմնները զբաղված են մեկ անձի պաշտպանությամբ, կա նաև հոգեբանական կողմը։ Որքան էլ մենք քննադատենք Նիկոլ Փաշինյանին, համարենք նրան ոչ օրինական կամ ազգակործան, բայց նա փաստ է, գոյություն ունի, որի հետ ստիպված ենք հաշվի նստել։ Անկախ իշխանությունների հանդեպ մեր գնահատականներից՝ նրանք չեն դադարում իշխանություն լինելուց և շատերի համար, թեկուզ ենթագիտակցորեն, օրինակ են ծառայում։ Որքան երկրի ղեկավարի խոսքը լինում է գրագետ ու ազգային, այդքան այն իր հայելային արձագանքն է գտնում հասարակության լայն շերտերի մոտ, և հակառակը։ Որքան դրականն է լինում վարակիչ, այդքան էլ կարող է լինել բացասականը։
Հիշենք Հովհաննես Թումանյանի խոսքերը.
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անեծք նրա չար գործին։
Հիմա ի՞նչ պետք է սովորի անչափահասը՝ լսելով Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ օրինակ է ծառայում վերջինս նոր կյանք մտնող սերնդին, ի՞նչ ուղերձներ է հղում ու ինչպիսի՞ բառապաշարով ներկայանում հանրությանը։
«Կզցնել, ծեփել պատերին, փռել ասֆալտին, ոտքերը ջարդել աթոռներով, մտցնել համապատասխան տեղը…»։ Սա երկրի ղեկավարի կողմից օգտագործվող բառապաշարի մի մասն է միայն։ Ըստ այդմ՝ ի՞նչ պետք է ընդօրինակի նոր սերունդը, երբ լսում է նման ուղերձներ, որոնք, բացի սպառնալիքներից, ամբողջովին համեմված են ատելության քարոզով։ Հետևաբար առաջանում է «օրինական» հարց. եթե երկրի վարչապետը սպառնում է կզցնել իր ընդդիմախոսին, ինչո՞ւ անչափահասը չպետք է դանակահարի նրան, ում հետ վեճի է բռնվել։
Կարեն Կարապետյան