«Իրենք եթե «ոչ»-ի շտաբ են ձևավորում, դա նշանակում է, որ հանրաքվեն լինելու է, որովհետև «ոչ»-ի շտաբը լինում է, երբ որ հանրաքվե է լինում, հակառակ պարագայում իմաստ չունի։ Երկրորդը՝ պարբերաբար ասում էին, չէ՞, որ չեն քվեարկելու «կողմ» հանրաքվեին, այսպես ռադիկալ էին տրամադրված, բայց այսօր Եղեգնաձորում, օրինակ, տեսանք, թե ինչ գեղեցիկ կերպով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը քվեարկեց Երևանում մեր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իշխանական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որ ընդդիմությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին և կարելի է ասել՝ «ոչ»-ի շտաբ է ձևավորում։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն այս քվեարկության առնչությամբ գրել է ֆեյսբուքյան էջում. «Նախկին հանրապետական Հուսիկի հույսին մնացած ՔՊ-ն Եղեգնաձոր համայնքում դարձավ ընդդիմություն` պարտվելով բոլոր ժամանակների ԲՀԿ-ական գործող քաղաքապետին։ Այդպես կլինի ամենուր»։
Իսկ Եղեգնաձորի նախկին ԲՀԿ-ական, այժմ «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված և վերընտրված քաղաքապետ Դավիթ Հարությունյանի մասին Վահագն Ալեքսանյանն ասում է, որ բարդ է գտնել նրա նման պրոիշխանական մարդ․ «Առնվազն այն, ինչ մեր գործընկերներն են ասում, թե ինչ պատկառանքով է պարոն Հարությունյանը վերաբերվում «Քաղաքացիական պայմանագրին», վարչապետին… Մեր թեկնածուն չի եղել, որովհետև նրա աշխատանքի հետ կապված հարցեր ունեինք… լատենտ-չլատե՞նտ՝ այդ մարդը ուղղակի շատ մեծ պատկառանք ունի մեր կուսակցության նկատմամբ, որը չի զլանում ամեն առիթով հայտնել, պարբերաբար մշտապես հայտնելով, որ… Մի խոսքով, շատ մանրամասներ չասեմ, բայց առնվազն այդ պատկառանքը այնքան տեսանելի է… Հազար ներողություն, եթե ինձ հարցնեին՝ Հայաստանում թոփ-3 պրոիշխանական համայնքապետերի անունը, ամենայն հավանականությամբ, պարոն Դավիթ Հարությունյանը այդտեղ կլիներ։ Բայց ուրիշ բան, իհարկե, որ մենք նրա աշխատանքի հետ կապված քաղաքական, աշխատանքային և այլ հարցեր ունենք, ու դրա համար ենք նաև առաջադրվել այդտեղ, ու նաև այդ խնդիրներն են բարձրաձայնել մեր թիմակիցները։ Տեսանք, որ ինչ-որ քրեական գործ կար Դավիթ Հարությունյանի հետ կապված, դա էլ էլի… Բնավ ոչ մի բան չկա կաշկանդող՝ ինչքան էլ մարդը պրոիշխանական և այլն նման բաներ ցույց տա, չեմ կարծում, որ դա պետք է որևէ մեկի համար բան հանդիսանա։
Բայց այստեղ նաև «Հանրապետություն» կուսակցությունն էլ, ի դեպ, այդպես պատահաբար ընտրված կուսակցություն չի, էլի։ Ամեն դեպքում առնվազն այս պահին Հայաստանում երկու կուսակցություն կա, որոնց հետ մենք կոալիցիոն հուշագիր ունենք տարբեր համայնքներում՝ մեկը ու առաջինը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի հետ նաև արժեքային մի շարք ընդհանրություններ ունենք։ Ու կարծում եմ՝ այն թեզերը, որ մեր գործընկերները պնդում են Դավիթ Հարությունյանի մասին…
Դավիթ Հարությունյանի մասին առնվազն ես տեսա «Ուժեղ Հայաստան»-ից ինչ-որ հայտարարություն։ Շատ ծիծաղելի էր այդ ամեն ինչը։ Իրենք քվեարկել են Հայաստանի Հանրապետության, առնվազն խոսույթի մակարդակում՝ երեք ամենապրոիշխանական համայնքապետերից մեկի օգտին։ Հենց դա էլ ինձ տալիս է վստահություն կարծելու, որ հենց նույն կերպ էլ… Սա պախարակում հանկարծ չընկալեք «Ուժեղ Հայաստանի» հասցեին։ Ես շատ ողջունում եմ, կարծում եմ, որ դա ճիշտ գործելակերպ է՝ նմանատիպ բաժանարար գծեր իրենք չեն տեսնում այսուհետ։ Այդպես էլ կարծում եմ՝ նույն կերպ էլ, նույն հեշտությամբ ու թեթևությամբ էլ առաջիկայում կքվեարկեն Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծի օգտին»։
Վահագն Ալեքսանյանը հավելեց․ «Ես չեմ կարծում, որ խորհրդարանական ընդդիմությունը կամ այս նոր ձևավորված Սերժի ճակատը որպես այդպիսին կարող է իրեն թույլ տալ հանդիսանալ խոչընդոտ ժողովրդի և ժողովրդի իրավունքի իրացման մեջ, որովհետև սահմանադրություն ընդունելը՝ նոր սահմանադրություն ընդունելը կամ այդ սահմանադրությունը մերժելը, դա ժողովրդի… նույն ինքը՝ սահմանադրի բացառիկ իրավունքն է, բացի ժողովրդից՝ ոչ մեկը նման իրավունք չունի։ Ու ցանկացած… կներե՛ք, ու ցանկացած մեկը, ով կկանգնի ժողովրդի ու ժողովրդի իրավունքի իրացման օգտին, ես չեմ նախանձում այդ մեկին»։
Հակադիր ուժ նա միավորված ընդդիմության ճամբարում չի տեսնում․ «Լևոն Զուրաբյանը ներկայացնում է ՀԱԿ-ը, որ 2021 թվականին դաշինք է առաջարկել Սերժին ու Քոչարյանին՝ մերժվել է, որ 2026 թվականին դաշինք է առաջարկել Սամվել Կարապետյանին՝ մերժվել է։ Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը առհասարակ այսպես մշտապես դռնբաց կանգնած են եղել, որ քրեաօլիգարխիկ կլանի ներկայացուցիչները գան ու իրենց ներգրավեն դաշինքի մեջ։ Ու այդպես առաջին անգամը չի, էլի, որ իրենք այդ առաջարկը արել են միավորվելու, կամ ինչ-որ մի աննախադեպ բան է եղել։ Չէ՛, ուղղակի մի անգամ այդպես ընդառաջելով վերցրել են, իրենց էլ են հիմա խաղացնում։ Աննախադեպ բան պետք չի ներկայացնել, այս ուժերից և ոչ մեկը փաստացի երբեք մեկը մյուսից անջատ չի եղել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: